ՀՍՀ/ԿՈՍՏԱՆԴԻՆ ՋՈՒՂԱՅԵՑԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՍՏԱՆԴԻՆ ՋՈՒՂԱՅԵՑԻ, Կոստանդ Ջուղայեցի (ծն. և մահ. թթ անհտ.), XVII դարի հայ մանկավարժ, վարդապետ: Ուսանել է Նոր Ջուղայի Ս. Ամենալիրկչի վանական դպրոցում, ապա դարձել դրա լավագույն ուսուցիչներից, հիմնականում դասավանդել հաշվողական առարկաներ: Դպրոցի խնդիրներից էր նաև առևտրականներ պատրաստելը: Այդ նպատակով Կ. Ջ. 1687-ին գրել է «Աշխարհաժողով գիրք» թվաբանության դասագիրքը, որը պարունակում է հաշվապահական և այլ խրատներ, տարբեր երկրների դրամական միավորների համեմատության, չափ ու կշիռների, տոկոսով տրված դրամի հաշվարկի, կտակի և ժառանգության, ինչպես նաև խրախճանական բնույթի շուրջ 130 խնդիր լուծված նախապես տրված կանոններով: Դասագրքում կիրառված են ամբողջ և կոտորակային թվեր, հայկ. և հնդկ. թվանշաններ (գրված է Ջուղայի բարբառով):
