ՀՍՀ/ԿՈՎԱԼԵՎՍԿԻ ՎԼԱԴԻՄԻՐ
ԿՈՎԱԼԵՎՍԿԻ Վլադիմիր Օնուֆրիևիչ 2(14).8.1842—16(28).4.1883, ռուս հնէաբան: Ա. Օ. Կովալևսկու եղբայրը: Լինելով Օ. Դարվինի հետևորդը՝ Կ. դարվինիզմ է պրոպագանդել Ռուսաստանում, թարգմանել և հրատարակել է Չ. Դարվինի, Ք. Հեքսլիի, Ձ. Լայելի գրքերը: 1880-ից՝ Մոսկվայի ճամալսարանի դոցենտ: Կ-ու աշխատանքները նոր գիտության՝ էվոլյուցիոն հնէաբանության հիմքը հանդիսացան: Ապացուցեց, որ կենդանիների մորֆոլոգիական վերափոխումները պայմանավորված են որոշակի ֆունկցիաների զարգացմամբ, որոնք կապված են գոյության պայմանների փոփոխության հետ: Կ. հնէաբաններից առաջինն էր, որ էվոլյուցիոն ուսմունքը կիրառեց ողնաշարավոր կենդանիների ֆիլոգենեզի պրոբլեմները լուծելիս: Ուսումնասիրելով կաթնասունների հնէաբանական պատմությունը՝ Կ. գտավ, որ նրանց զարգացման պրոցեսում եղել են «մեծ բեկման» շրջաններ՝ համեմատաբար բարձր կազմակերպված խմբերի արագ տարածում, նվազ կատարելագործվածների հանկարծակի վերացում: Կ-ու հետազոտությունները նվիրված են յուրայի, կավճի և կայնոզոյան շրջաններին: Նա առաջինը լուսաբանեց հին յուրայի և վաղ կավճի շրջանների կենդանա-աշխարհագրական պրովինցիաների հարցը, տվեց դրանց հնէագրական քարտեզները: Կ. իրավամբ գտնում էր, որ կայնոզոյան շրջանի կաթնասունների նախնիներին պետք է փնտրել կավճի ցամաքային նստվածքներում:
