Jump to content

ՀՍՀ/ԿՈՎԿԱՍՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 5 (տեսածրված) • 1979

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ (1917), առաջին համագումարը տեղի է ունեցել ապրիլի 23-ից մայիսի 24-ը, Թիֆլիսում: Մասնակցել են շուրջ 2 հզ. պատվիրակներ և հյուրեր (ճնշող մեծամասնությունը՝ էսեոներ և մենշևիկներ), որոնք ներկայացնում էին Կովկասյան ռազմաճակատի շուրջ 1 միլիոնանոց բանակիևթիկունքային զորամասերի կազմակերպությունները՝ զինվորական սովետներն ու կոմիտեները, սպայական կազմը: Գործնական նախագահն էր Ե. Գեգեչկորին: Պատերազմի ու հեղափոխության արմատական հարցերում պատգամավորները պաշտպանում էին ժամանակավոր կառավարությանը: Նրանց աջակցում էին դաշնակցականները, վրաց. ֆեդերալիստները, «ուկրաինական» և կազակների խմբավորումները: Տատանվող դիրք էին գրավում «անկուսակցականները»: Համագումարին մասնակցում էին Կովկասյան բանակում գործող 20 ականավոր բոլշևիկներ Գ. Կորզանով (Ղորղանյան), Ս. Քավթարաձե, Մ. Կեդրով, Ի. Մալիգին, Ն. Կուզնեցով. Ս. Բոգդանով, Հ. Հովսեփյան և ուրիշներ, որոնց խնդիրն էր մերկացնել համաձայնողական կուսակցություններին, սյրոպագանդել Վ. Ի. Լենինի «Ապրիլյան թեզիսները» և աշխատավորներին նախապատրաստել նոր՝ սոցիալիստական հեղափոխության: Համագումարն ընտրեց Կովկասյան բանակի երկրային սովետ (նախագահ՝ էսեռ Դ. Դոնսկոյ, 150 անդամներից 100-ը՝ է սեռ, 40-ը՝ մենշևիկ): Երկրորդ համագումարը տեղի է ունեցել դեկտ. 10—23-ը, Թիֆլիսում: Մասնակցել է 350 պատգամավոր: Ամենախոշորը բոլշևիկյան ֆրակցիան էր (160 մարդ, որոնց թվում՝ Ն. Շահումյանը, Մ. Ցխակայան, Ֆ. Մախարաձեն, Գ. Կորգանովը և ուրիշներ): Բոլշևիկներին պաշտպանում էին ձախ էսեռները (15 մարդ) և «անկուսակցականների» մի մասը: Քննարկված կարևորագույն՝ ընթացիկ մոմենտի և իշխանության հարցում բոլշևիկներն ու նրանց կողմնակիցները ապահովեցին 181, էսեռ-մենշեիկյան և բուրժուա-նացիոնալիստական բլոկը՝ 168 ձայն: Համագումարը մերկացրեց Ասդրկովկասյան կոմիսարիատի ռեակցիոն հրամանատարության և նախկին բանակային երկրային սովետի հակահեղափոխական գործունեությունը, դատապարտեց բանակի «ագգայնացման» քաղաքականությունը: Լուրջ ուշադրություն նվիրվեց Կովկասյան ռազմաճակատը դատարկելու և Անդրկովկասի ժողովուրդներին սպառնացող նոր աղետի հարցին: Ընդունվեց բանաձև «թուրք-հայկական» հարցի մասին, որը համապատասխանում էր «Թուրքա-հայաստանի մասին» դեկրետի ոգուն (տես Դեկրետ «Թուրքը հայաստանի» մասին): Դաշնակցականները մերժեցին Ա. Շահումյանի և մյուս բոլշևիկների առաջարկը՝ միացյալ ուժերով դիմադրելու թուրք նվաճողներին: Համագումարը դեկտ. 21-ին երկրամասում հռչակեց սովետական իշխանություն: Ընտրվեց 100 հոգուց բաղկացած բանակային երկրային նոր սովետ՝ բոլշևիկ Գ. Կորգանովի ղեկավարությամբ: Աակայն երկրամասում ստեղծված բարդ իրապայմաններում սովետի հեղափոխական ուժերը ի վիճակի չեղան իշխանությունը պահել իրենց ձեռքում և զարգացնել հեղափոխությունը: Դեկտ. 28-ին ստեղծվեց հեղափոխական երկրային սովետի գործադիր օրգան՝ բոլշևիկյան ռազմահեղափոխական կոմիտե, որն իր գործունեության կենտրոն ընտրեց Բաքուն:

Գրկ. Մանուկյան Ռ. Բոլշևիկների հեղափոխական աշխատանքը Կովկասյան բանակում (1917 փետրվար—1918 փետրվար), Ե., 1969: Մելիքյան Հ. Ս., Հոկտեմբերյան հեղափոխությունը և Կովկասյան բանակը, Ե 1970: Հ. Մելիքյան