Jump to content

ՀՍՀ/ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՌՍԴԲ(բ)Կ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՌՍԴԲ(բ)Կ | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 5 (տեսածրված) • 1979

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՌՍԴԲ(բ)Կ, կայացել է Թիֆլիսում, 1917-ի հոկտեմբերի 2—7-ը: Մասնակցել է 30 պատգամավոր (27-ը՝ վճռական ձայնով, 3-ը՝ խորհրդակցական), որոնք ներկայացրել են կուսակցության 8636 անդամների: Համագումարին իրենց պատգամավորներն են ուղարկել Թիֆլիսի, Բաքվի, Ալեքսանդրապոլի (Լենինական), Քութայիսի, Բաթումի, Ելիզավետպոլի (Կիրովաբադ), փոթիի, Գորիի, Հաղպատի, Ալավերդու, Կարսի, Սարիղամիշի, Տրապիզոնի, Տուապսեի, Եկատերինոդարի(Կրասնոդար), Կիսլովոդսկ—Պյատիգորսկի, Շարաբխանի, Շուշիի, Զուգդիդիի, Չոխատաուրի—Խիդիսթավի—էրգետայի բոլշևիկյան կազմակերպությունները և Առաջին գնդացրային գնդի բոլշևիկյան խումբը: Համագումարում լսվեցին մանդատային հանձնաժողովի զեկուցումը, զեկուցում ՌՄԴԲ(բ)Կ VI համագումարի մասին, զեկուցումներ տեղերից, Սահմանադիր ժողովին ցույց տրվելիք վերաբերմունքի, ընթացիկ մոմենտի, կուսակցական մամուլի մասին, ազգային, ագրարային ևն հարցեր: Ընտրվեց Կովկասյան երկրային կոմիտե: Համագումարի կենտրոնական հարցի՝ ընթացիկ մոմենտի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ անդամ Ս. Շահումյանը: Վերլուծելով ամբողջ երկրում ստեղծված հեղափոխական իրադրությունը՝ նա ցույց տվեց, որ Անդրկովկասում ևս առկա են սոցիալիստական հեղափոխության բոլոր նախադրյալները, և որ Կովկասի բոլշևիկների առաջնահերթ խնդիրն է կենսագործել զինված ապստամբության վերաբերյալ կուսակցության VI համագումարում ընդունված դիրեկտիվը: «…Մեր խնդիրն է, կոչ արեց Շահումյանը,—գլխավորել հեղափոխությունը և իշխանությունը վերցնել մեր ձեռքը» (Ս. Շահումյան, Երկ, հ. 2, 1957, էջ 513): Քննարկելով Անդրկովկասի բոլշևիկների համար խիստ կարևոր նշանակություն ունեցող ազգային հարցը՝ համագումարը հակահարված տվեց մի խումբ պատգամավորների սխալ ելույթներին և, ղեկավարվելով կուսակցության VII (Ապրիլյան) կոնֆերանսի որոշումներով, խնդիր դրեց Կովկասում մտցնել տեղական լայն ինքնավարություն, ճանաչել բոլոր ազգերի ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև սեփական պետականության հաստատումը: Համագումարը միաժամանակ ընդգծեց, որ Անդրկովկասի ժողովուրդները չպետք է անջատվեն Ռուսաստանից, այլ համատեղ ուժերով կատարեն սոցիալիստական հեղափոխություն: Առաջնորդվելով ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարում ընդունված դիրեկտիվներով, համագումարը համապատասխան բանաձևեր ընդունեց ագրարային հարցի, Սահմանադիր ժողովին ցույց տրվելիք վերաբերմունքի և քննարկված մյուս հարցերի վերաբերյալ: Կովկասյան բանակում կատարվող հեղափոխական աշխատանքի մասին զեկուցեց Գ. Ն. Կորգանովը: Բանակում կուսակցական աշխատանքը բարելավելու նպատակով համագումարը որոշեց Կովկասյան երկրային կոմիտեին կից ստեղծել Կովկասյան բանակի ՌՍԴԲ(բ)Կ կազմակերպությունների ժամանակավոր բյուրո: Հանձնարարվեց հրավիրել Կովկասյան բանակի բոլշևիկյան կազմակերպությունների համագումար: Համագումարն ընտրեց Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկների) կուսակցության Կովկասյան երկրային կոմիաե և որոշեց «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий»), «Բրձոլա» և «Բանվորի կռիվ» թերթերը դարձնել երկրային կոմիտեի օրգաններ: Համագումարը խոշոր դեր խաղաց երկրամասի կուսակցական կազմակերպությունների ուժերը համախմբելու և նրանց գործունեությունը հանուն սոցիալիստականհեղափոխության հաղթանակի նպատակամղելու գործում:

Մ. Հովհաննիսյան