ՀՍՀ/ԿՈՐԴՈՒՔ
ԿՈՐԴՈՒՔ, Կորդոյք (լատ. Corduena, ասոր. Kardu, Qardii, Qardo, արաբ. Qarda), Մեծ Հայքի Կորճայք նահանգի ամենախոշոր գավառը Տիգրիս, Զերմ և Արևելյան Խաբուր գետերի միջև: Արմ ից սահմանակից էր Հայոց Միջագետք, հս-արմ-ից՝ Աղձնիք, հս-ից՝ Մոկս նահանգներին, արլ-ից՝ Կորճայքի Տմորիք գավառին, հվ-ից՝ Ադիաբենեին (Ասորեստան): Պտղոմեոսը Կ. համարում է Հայոց հարավային սահմանագավառ: Ըստ Պլինիոս Ավագի, գավառանունն առաջացել է տեղաբնիկների «կորտ», «կորդ» կամ «գորդ» ցեղանունից: Կ-ի անունով է կոչվում նաև Կորդվաց լեռնաշղթան (արամևերեն՝ Կուտի, արաբ.՝ Ջուդի): Ադիաբենեում բնակվող արամեացիները, հայերին ու նրանց երկրին առաջին անգամ ծանոթանալով Կ-ի միջոցով, Հայաստանը կոչել են Կարդոլ, Քարդու կամ Քարդա (Աստվածաշնչի հին ասորերեն և հին արաբ, թարգմանությունները այդ անունները գործածել են «Հայաստան» անվան փոխարեն): Հայ մատենագիրները Կորճայք նահանգը հաճախ կոչել են «Կորդուաց աշխարհ»: Հայ հնագույն (ավանդական) պատմության մեջ Կ. հիշատակվում է «Կադմեաց տուն» կամ «Կադմոսի տուն» (հայոց անվանադիր նախնի Հայկի թոռան և Արամանյակի որդու՝ Կադմոսի անունով): Ասորեստանի թագավոր Թգլատպալասար I-ի (մ.թ.ա. 1115—1077) տարեգրության մեջ «Կադմեաց տունը» հիշատակվում է «Կադմու-խի երկիր» անունով, իսկ նրա բնակիչներին՝ կատմուխցիներին, ասորեստանցիներն անվանել են նաև «կուտիներ» կամ ընդհանուր հորջորջմամբ՝ «բաբխեցիներ» («լեռնականներ»): Թգլատպալասար I, ներխուժելով Կ., գրավել է նրա Շերեշի (հուն.՝ Աարիսա, Տիգրիսի ձախ ափին) բերդաքաղաքը, սակայն, չկարողանալով ընկճել կատմուխցիներին, նահանջել է Ասորեստան: Քսենոփոնը և Դիոդորոս Միկիլացին կորդվացիներին անվանում են ազատասեր ժողովուրդ և հմուտ ռազմիկներ: Նրանք զինվել են պարսատիկներով, լայնալիճ (3 կանգուն) աղեղներով և երկար (2 կանգուն) նետերով, որոնց դեմ անզոր են եղել մ. թ. ա. 401-ին Հայաստանով նահանջող հույն զինվորների զրահները: Կ-ի հայերը, 7 օր անդադար հալածելով հույն զինվորներին (10 հզ.), զգալի կորուստներ են պատճառել նրանց և դուրս մղել իրենց հողերից: Մտրաբոնը Կ-ի հայերին անվանում է ոչ միայն քաջ պատերազմիկներ, այլև ներհուն արվեստագետներ ու ճարտարապետներ: Ամմիա-նոսը Կ. անվանում է «արգավանդ գավառ», Քսենոփոնր՝ «գինեվետ երկիր»: Վերջինս Կ-ում տեսել է մթերքների առատ պաշար, իսկ տներում՝ պղնձյա զանազան անոթներ: Մ.թ.ա. 69—68-ին Հայաստան ներխուժած հռոմ. բանակը Կ-ում ձմեռելիս սնվել է նրա գահակալ իշխանի ցորենի պաշարով (շուրջ 120 հզ. տ): Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության ժամանակ (մ.թ.ա.II դ.—մ.թ.V դ.) Կ-ի իշխանը եղել է Հայաստանի հարավային զորաթևի կուսակալը՝ բդեշխը, որին հունա-հռոմեական պատմիչներն անվանում են «թագավոր»: Մ. թ. ա. 69-ին Կ-ի իշխան Զարբիենոսը գաղտնի միաբանել էր հռոմ. զորավար Լուկուլլոսի հետ: Հայրենիքին դավաճանելու համար Տիգրան Բ Մեծը մահապատժի է ենթարկել Զարբիենոսին, սրի մատնել նրա տոհմը (ըստ Պլուտարքոսի՝ Լուկուլլոսը ցուցադրական հանդիսավորությամբ Զարբիենոսի աճյունը ամփոփել է հոյաշեն գերեզմանում՝ «իբրև Հռոմի բարեկամի և դաշնակցի»): Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց (301) հետո Կ. կազմել է առանձին եպիսկոպոսություն: Տիրան թագավորի ժամանակ (339—350) հիշատակվում է Կ-ի վարդապետ Շաղիտան: Ըստ փավստոս Բուզանդի՝ Կ-ի Ձոն իշխանը խոսրով Բ Կոտակ թագավորի բանակում կռվել է Մասանյանների դեմ: Արշակ Բ թագավորի բանտարկությունից (367) հետո Կ-ի իշխանը ապստամբել է կենտրոնական իշխանության դեմ՝ կամենալով լինել ինքնագլուխ: Մակայն Պապ թագավորի հրամանով սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը պատժել է խռովարար իշխանին: Հունա-հռոմեական պատմիչները Կ-ի բնակավայրերից հիշատակում են փինակա (այժմ՝ փինիկ գյուղ), Սարիսա և Սիդալգա ամուր բերդաքաղաքները: Հայկ. առաջին «Աշխարհացոյցը» նշում է Կ-ի Թման ավանը (Հռիվաիմյանց պատմության մեջ՝ Թըմնիս, ասորերեն՝ Թեմանոն, արաբ.՝ Թամանոն, հուն.՝ Թամանոն, այժմ՝ Թմանին գյուղ): Ըստ ավանդազրույցի, այդ բնակավայրը Թման (նշանակում է ութից) է կոչվել ի պատիվ Նոյան տապանից ելած ութ անձանց: Քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում (I—IV դդ.) Կ-ում հաստատվեցին զգալի թվով ասորական համայնքներ: 640-ին Կ. գրավել են արաբները: Արաբական և հատկապես սելջուկյան թուրքերի նվաճումներից (XI դ.) հետո Կ-ում հաստատվեցին քրդական վաչկատուն աշիրաթներ: Օսմանյան տիրապետության հաստատումից (XVI դ.) հետո կ. մտել է Դիարբեքիրի վիլայեթի Ձազիրա-Բոհտան հյուքումեթության մեջ: Սակայն սուլթանի գերիշխանությունն այնտեղ եղել է անվանական (սուլթանությունը քրդերին հնազանդեցրեց միայն 1830-40-ական թթ.): Կ-ի քրիստոնյաները անարգել ենթարկվել են քրդերի կողոպուտներին ու հարստահարումներին: 1868-ից Կ. մտնում էր Դիարբեքիրի վիլայեթի Բոհտան սանջակի մեջ: Մինչև առաջին համաշխարհային պատերազմը դեռևս հայաբնակ էին Կ-ի Այրակ, Բազուկ, Գոմեջի, Թելուկ, Թերակ, Կորուկ, Կուտինիս, Շերնակ, Տերիմ, փինիկ, Քարկալ գյուղերը: Մնացած շուրջ 40 գյուղերում խառը բնակվում էին հայեր, ասորիներ, քրդեր: Նեստորական ասորիների պատրիարքը՝ մարշմունը, նստում էր Քաչենիսում: 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, հայերի ու ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կ. հիմնականում դարձավ քրդաբնակ:
Գրկ. Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ., 1822: Հյուբշյան Հ., Հին Հայոց տեղվո անունները, Վնն., 1907: Մ. Կատվալյան
