Jump to content

ՀՍՀ/ԿՈՐԵԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՐԵԿ (Panicum), հացազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 400-ից ավելի տեսակ (ՍՍՀՄ-ում՝ 4): Տարածված են Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտրներում: Հատիկ ստանալու համար մշակում են սովորական Կ. (P. miliaceum): Գարնանացան բույս է, արմատները՝ փնջաձև, ցողունը՝ 45—150 սմ բարձրությամբ, տերևները՝ նշտարաձև: Ծաղկաբույլը հուրան է, ինքնափոշոտվող: Պտուղը հատիկ է, թելիուկավոր, 1000 հատիկը կշռում է 4—9 գ: Չորադիմացկուն, ջերմասեր, վաղահաս բույս է: Կ-ից ստանում են ձավար, ալյուր, խտացրած կեր, կանաչ զանգված և խոտ: Մշակության մեջ հայտնի է հնագույն ժամանակներից: Հատիկի բերքը հավաքում են մոմային հասունացման, իսկ խոտինը՝ հուրաններն արձակելու փուլերում: