ՀՍՀ/ԿՈՒԺԿՈՏՐՈՒԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒԺԿՈՏՐՈՒԿ (Adonis), գորտնուկազգիների ընտանիքի բագմամյա, հազվադեպ՝ միամյա բույսերի ցեղ: Տերևները կտրտված են, ծաղիկները՝ մեկական, ընձյուղների գագաթներում՝ դեղին կամ կարմիր պսակաթերթերով: Հայտնի է մոտ 20 տեսակ: Աճում է Եվրոպայի, Ասիայի բարեխառն կլիմա ունեցող տափաստաններում և կիսատափաստաններում: ՍՍՀՄ-ում աճում է 15 տեսակ, որից 4-ը՝ նաև ՀՍՍՀ-ում (Ապարանում, Սևանում, Իջևանում, Մեղրիում, Երևանում և այլուր): Ամենատարածվածը գարնանային Կ. է (A. vernalis), որի ցողունի բարձրությունը 40—70 սմ է: Ծաղիկները ոսկեդեղին են, ընձյուղները պարունակում են գլիկոզիդներ և օգտագործվում բժշկության մեջ. Թուրմը կիրառվում է սիրտ-անոթային անբավարարության դեպքում:
