ՀՍՀ/ԿՈՒԼՅԱԲԻ ՄԱՐԶ
ԿՈՒԼՅԱԲԻ ՄԱՐԶ, Տաջիկական ՍՍՀ կազմում: Առաջին անգամ կազմվել է 1939–ի հոկտ. 27–ին, լուծարքի ենթարկվել 1955–ի օգոստ. 28–ին, նորից կազմվել 1973–ի դեկտ. 29–ին: Գտնվում է Տաջիկական ՍՍՀ հվ–ում, սահմանակից է Աֆղանստանին: Տարածությունը 13 հզ. կմ² է, բն. 490 հզ. (1979): Կ. մ. բաժանվում է 8 շրջանի, ունի 2 քաղաք, 6 քտա: Կենտրոնը` Կուլյաբ: Մարզի հս–ում և արլ–ում ձգվում են Խագրատիշոխ (4484 մ), Վախշի (3141 մ) և այլ լեռնաշղթաներ, որոնք իրարից բաժանված են գետահովիտներով և Պետրոս Առաջին ու Դարվազյան (Պամիրա–Դարվազյան լեռնային համակարգ) լեռնաշղթաների ճյուղավորումներն են: Տարածքի զգալի մասին բնորոշ են բլրաշարա–թմբային ռելիեֆի ձևերը: Համեմատաբար հարթ տարածություններ կան մարզի հվ–արմ. ցածրադիր մասում: Օգտակար հանածոներից կան քարաղ (Խոջամումին, Խոջասարտիս), այրվող թերթաքարեր, ասբեստ, բազմամետաղներ, շինանյութեր: Կլիման ցամաքային է: Հվ–արմ. հարթավայրային տարածություններում հունվարի միջին ջերմաստիճանը 0°C–ից –2°C է, հուլիսինը` 28–ЗО С, նախալեռներում` համապատասխանաբար –2°C–ից –4°C, 20–24°C: Տարեկան տեղումները հվ–արմ. առավել ցածրադիր մասում 200–400 մմ են, մնացած մասերում` 600–800 մմ: Լեռներում լավ է արտահայտված կլիմայական բարձր գոտիականությունը: Խոշոր գետերն են Փյանջը (Ամուդարյայի վերին հոսանքը) և նրա աջ վտակները: Միջլեռնային հովիտներում և լեռնալանջերին աճում են պտղատու վայրի ծառեր: 2400–3500 մ վեր տարածված է բարձրլեռնային մարգագետնա–տափաստանային բուսականությունը: Բնակիչները հիմնականում տաջիկներ են, կան նաև ուզբեկներ, ռուսներ և այլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 38 մարդ է: Քաղաքներն են Կուլյաբը, Փանջը: Արդյունաբերության մեջ առաջատար են թեթև (համախառն արտադրանքի 61) և սննդի (26) ճյուղերը: Մշակում են բամբակենի, հացահատիկային, կերային, բոստանային կուլտուրաներ: Անասնապահությունն ունի մսակաթնատու ուղղություն: Բուծում են կարակուլային ոչխարներ: Ավտոճանապարհների երկարությունը 2572 կմ է, կա նեղգիծ երկաթուղի, օդային հաղորդակցություն: Կ. մ–ում գործում են մանկավարժական ինստ., 219 գրադարան, 7 կուլտուրայի տուն, 191 ակումբ, 7 ժող. թատրոն, երաժշտա–դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, 43 հիվանդանոց, 7 առողջարան: Հրատարակվում է մարզային թերթ:
