ՀՍՀ/ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ սոցիալիստական, հասարակության հոգևոր վերափոխման հեղափոխական պրոցես, սոցիալիստական շինարարության բաղկացուցիչ մասը: Կ. հ. սոցիալիստական մշակույթի ստեղծման բազմակողմանի պրոցես է, սոցիալիզմի կառուցման կարևոր օրինաչափություններից: Կ. հ–յան տեսությունը մշակել է Վ. Ի. Լենինը («կուլտուրական հեղափոխություն» հասկացությունն առաջին անգամ օգտագործել է Վ. Ի. Լենինը 1923–ին, «Կոոպերացիայի մասին» աշխատության մեջ): Հակառակ II Ինտերնացիոնալի տեսաբանների, որոնց կարծիքով սոցիալիստական հեղափոխությանը պետք է նախորդեր պրոլետարիատի կողմից կուլտուրական զարգացման «բարձր մակարդակի» ձեռք բերումը, Վ. Ի. Լենինը ապացուցեց, որ սոցիալական և քաղ. հեղաշրջումը կարող է և պետք է նախորդի կուլտուրական հեղաշրջմանը: Կ. հ. սկսվում է բանվոր դասակարգի կողմից իշխանությունը նվաճելուց հետո, և այն իրականացնում են աշխատավորական զանգվածները: Վ. Ի. Լենինը, Կ. հ. դիտելով որպես սոցիալիստական շինարարության ծրագրի բաղկացուցիչ մաս (երկրի ինդուստրացման ու գյուղատնտեսության կոլեկտիվացման հետ), բնորոշեց նրա սոցիալական բովանդակությունը` նշելով, որ այն ոչնչացնում է բուրժուազիայի հոգևոր գերիշխանությունը, վերացնում ժողովրդի ու մշակույթի միջև այն խզումը, որը հատուկ է հակամարտ հասարակությանը: Կ. հ–յան լենինյան տեսության մեջ կարևոր տեղ է գրավում անցյալի մշակութային ժառանգության նկատմամբ վերաբերմունքի հարցը: Վ. Ի. Լենինը նշել է, որ Կ. հ. նոր սոցիալիստական հասարակության համար պահպանում է «…այն ամենը, ինչ արժեքավոր էր մարդկային մտքի և կուլտուրայի ավելի քան երկու հազարամյա զարգացման մեջ» (Երկ., հ. 31, էջ 389): Կ. հ–յան հիմնական խնդիրը սոցիալիստական մշակույթի ստեղծումն է: Այն ենթադրում է ժողովրդի ընդհանուր կուլտուրական մակարդակի բարձրացում, ժող. լուսավորության և կրթության սոցիալիստական համակարգի ստեղծում ու զարգացում, բուրժ. մտավորականության վերադաստիարակում ու նոր, սոցիալիստական մտավորականության ձևավորում, գրականության ու արվեստի մեջ սոցիալիստական ռեալիզմի հաղթանակ, գիտության ու տեխնիկայի զարգացում, աթեիստական աշխարհայացքի հաստատում, նոր բարոյականության ձևավորում, կենցաղի առաջադիմական վերափոխություն ևն: Կ. հ–յան կարևորագույն նպատակը կոմունիստական գաղափարախոսության հաղթանակի ձեռք բերումն է: Կ. հ. օրինաչափություն է` հատուկ սոցիալիզմի կառուցման ուղին թևակոխող բոլոր երկրներին: Սակայն, ելնելով տվյալ երկրի, ժողովրդի, ազգի պատմական և ազգային առանձնահատկություններից, տնտ. և կուլտուրական զարգացման մակարդակից, նոր մշակույթի ստեղծման պրոցեսը կարող է ունենալ իր առանձնահատկությունները: ՍՍՀՄ–ում այդ առանձնահատկությունները բնորոշվում էին ամբողջ երկրի տնտ. և կուլտուրական զգալի հետամնացությամբ, այնտեղ ապրող ազգերի ու ժողովուրդների սոցիալ–տնտ. և կուլտուրական զարգացման անհամաչափությամբ: ՍՍՀՄ–ում Կ. հ–յան հիմնական խնդիրները լուծվեցին կապիտալիզմից սոցիալիզմին անցման ժամանակաշրջանում, վերացվեց մասսայական անգրագիտությունը, արմատապես վերափոխվեց ժող. կրթության համակարգը, ստեղծվեց կուլտուր–լուսավորական հիմնարկների լայն ցանց, ձևավորվեց սովետական մտավորականությունը, ձեռք բերվեց գրականության և արվեստի ստեղծագործական ուժերի գաղափարական համախմբում, արմատավորվեց կոմունիստական գաղափարախոսությունը: Կենսագործելով լենինյան ազգային քաղաքականությունը` կոմունիստական կուսակցությունը հատուկ ուշադրություն էր դարձնում անցյալում հետամնաց ժողովուրդների կուլտուրական մակարդակի բարձրացմանը: Իր զարգացման տեմպերով ազգային հանրապետություններում Կ. հ. գերազանցում էր երկրի կենտրոնական շրջաններին: ՍՍՀՄ–ում մոտ 50 ազգություն ստեղծել է իր գիրը. 89 լեզվով լույս է տեսնում գրականություն, զարգացել է ազգային արվեստը: Ստեղծվեց ազգային կուլտուրաների փոխադարձ մերձեցման և հարստացման հնարավորություն, սկսվեց բազմազգ սոցիալիստական մշակույթի ձևավորման պրոցեսը: Կ. հ. նպաստեց մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև հակադրության հաղթահարմանը, մասսաների քաղ. աշխուժացմանը, հասարակության ղեկավարմանը, աշխատավորների հաղորդակցմանը, սովետական հասարակության կառուցվածքի առաջադիմական տեղաշարժերին: Զարգացած սոցիալիզմի ժամանակաշրջանում կուլտուրական զարգացման հիմնական խնդիրն է կոմունիզմի հաղթանակի համար գաղափարական և կուլտուրական պայմանների ստեղծումը, կոմունիստական հասարակարգի մարդու դաստիարակումը: ՍՍՀՄ ժողովուրդների մշակույթների փոխադարձ մերձեցման և հարստացման ընթացքը դարձել է սովետական մշակույթի առաջատար օրինաչափությունը: «…մեր կուլտուրան սոցիալիստական է բովանդակությամբ, իր զարգացման գլխավոր ուղղությամբ, բազմազան է իր ազգային ձևերով և ինտերնացիոնալիստական է իր ոգով ու բնույթով: Այսպիսով, նա իրենից ներկայացնում է բոլոր ժողովուրդների կողմից ստեղծվող հոգևոր արժեքների օրգանական համաձուլվածք» (Բրեժնև Լ. Ի., Լենինյան կուրսով, հ. 4, 1974, էջ 80): Սոցիալիստական Կ. հ. ընդհանուր ոչինչ չունի 1960–ական թթ. երկրորդ կեսի «կուլտուրական հեղափոխություն» անվան տակ Չինաստանում անցկացված քաղ. կամպանիայի հետ, որի ժամանակ ոչնչացնում էին կուլտուրայի հուշարձանները, ժխտվում էր համաշխարհային մշակույթի փորձը, հետապնդվում մտավորականությունը: ՀՍՍՀ–ում Կ. հ. սկսվեց սովետական իշխանության հաստատումից (1920–ի նոյեմբ. 29) անմիջապես հետո: Կ. հ. Հայաստանում, ինչպես և ամբողջ երկրում, լուծում էր հարցերի երեք հիմնական խումբ, աշխատավորների կուլտուրական հետամնացության և մասսայական անգրագիտության վերացում, մշակույթի դեմոկրատացում` հին մշակույթի նվաճումները ժողովրդին մատչելի դարձնելու պայմանների ստեղծում, սոցիալիստական մշակույթի ստեղծում և նոր մարդու ձևավորում: Սովետական Ռուսաստանում արդեն կուտակված կուլտուրական շինարարության փորձն օգտագործվեց հանրապետությունում: 1920–ի դեկտեմբերին ստեղծվեց լուսավորության ժող. կոմիսարիատը, որի վրա դրվեց կուլտուրական շինարարության բոլոր բնագավառների ղեկավարումը: Այնուհետև ընդունվեցին հանրապետության հեղկոմի և լուսժողկոմատի մի շարք որոշումներ, որոնց համապատասխան իրականացվեցին մշակույթի բնագավառի վերաբերյալ հիմնարար միջոցառումներ` հեղկոմի դեկրետը հայերենը հանրապետության պետ. լեզու ճանաչելու (1920–ի դեկտ. 6), կուլտուր–լուսավորական հիմնարկների ազգայնացման (1920–ի դեկտ. 17), լուսժողկոմատի հրամանները` Երևանի համալսարանը կազմակերպելու (1920–ի դեկտ. 28), դպրոցում կրոնական առարկաների դասավանդումն արգելելու (1920–ի դեկտ. 31), հուշարձանների հաշվառման և պահպանման (1921–ի հունվ. 8) մասին են: 1920–30–ական թթ. ընթացքում մեծ աշխատանք կատարվեց անգրագիտության վերացման ուղղությամբ (դեկրետն ընդունվեց 1931–ի սեպտ. 21–ին): 1921–ին ստեղծվեց «կորչի անգրագիտությունը» ընկերությունը: 1920–ին անգրագետ էր հանրապետության բնակչության 83–ը,1926–ին` –61,3–ը, 1939–ին` 16–ը: Անցման շրջանի վերջում անգրագիտության վերացման խնդիրը հանրապետությունում գործնականապես լուծվեց: Կ. հ–յան ընթացքում ստեղծվեց դպրոցական կրթական սովետական համակարգ: Արմատապես փոխվեց ուս. պրոցեսի բովանդակությունը, ստեղծվեցին դպրոցական նոր ծրագրեր ու դասագրքեր: Արագ տեմպերով աճում էր դպրոցների ու սովորողների թիվը: 1919–ին Հայաստանում գործում էին 166 դպրոց (18,6 հզ. աշակերտ), 1922–ին` 545 դպրոց (67,4 հզ. աշակերտ), 1936–ին`1147 դպրոց (213,5 հգ. աշակերտ), 1940–ին`1155 դպրոց (326,6 հզ. աշակերտ): Ուսուցիչների թիվն աճեց 670–ից (1919) մինչև 11,9 հզ. (1940): 1930–ական թթ. Սկզբին հանրապետությունում իրականացվեց ընդհանուր տարրական պարտադիր ուսուցումը, իսկ 30–ական թթ. 2–րդ կեսից` յոթնամյա պարտադիր ուսուցումը: Ժող. կրթության բնագավառում ձեռք բերված նվաճումները հիմք հանդիսացան սովետահայ դպրոցի հետագա զարգացման համար: ՀՍՍՀ–ում գործում են 1337 դպրոց (նրանցից 907–ը` միջնակարգ), որոնցում սովորում են 680,0 հզ. աշակերտ և աշխատում են 44,0 հզ. մանկավարժ (1978–ի տվյալներով): Հանրապետությունում հիմնականում ավարտված է անցումը պարտադիր միջնակարգ կրթության: Կ. հ–յան ընթացքում ձևավորվեց սովետահայ մտավորականությունը: Սովետական իշխանության առաջին տարիներին նոր մտավորականության ձևավորման հիմնական եղանակներն էին հին մտավորականության դաստիարակումը, առաջավոր բանվորների առաջքաշումը ղեկավար աշխատանքի: Բարձրագույն կրթության զարգացմանը զուգընթաց աճում էր բարձր որակավորում ունեցող մտավորականությունը: 1940–ին Հայաստանում գործում էին 9 բուհ (11 հզ. ուսանող), 62 տեխնիկում (9 հզ. սովորող): 1939–ին ժող. տնտեսության ճյուղերում ընդգրկված 1000 մարդուց բարձրագույն ու միջնակարգ կրթություն ունեին 135–ը, իսկ 1959–ին` 527–ը: Այս ցուցանիշով ՀՍՍՀ գրավում էր միության մեջ առաջին տեղը: Արագ տեմպերով զարգացավ նաև գիտական միտքը: Նախասովետական Հայաստանում չկար ոչ մի գիտական հիմնարկություն: Անցման շրջանի վերջում Սովետական Հայաստանում գիտահետազոտական հիմնարկների թիվը հասավ շուրջ 40–ի (մոտ 1.500 գիտաշխատող): 1935–ին կազմակերպվեց ՍՍՀՄ ԳԱ–ի հայկ. մասնաճյուղը (Արմֆան), որը շուտով դարձավ երկրի ճանաչված գիտական կենտրոններից: Մեծ աշխատանք կատարվեց հայ գրականության ու արվեստի ստեղծագործական ուժերը գաղափարական նոր սկզբունքի` սոցիալիստական ռեալիզմի հիմքի վրա միավորելու ուղղությամբ: 1930–ական թթ. սկզբին ստեղծվեցին գրողների, նկարիչների, կոմպոզիտորների միասնական ստեղծագործական կազմակերպություններ: Հայաստանում կուլտուրական շինարարության հաջողությունները դրական ազդեցություն գործեցին սփյուռքահայ առաջադիմական շրջանների վրա, նպաստեցին սփյուռքահայ մշակույթի դեմոկրատական զարգացմանը, մայր հայրենիքի հետ սփյուռքահայության կապերի ամրապնդմանը: Կ. հ–յան հիմնական արդյունքն էր հայ սոցիալիստական մշակույթի ստեղծումը, որը զարգացավ երկրի պատմության հաջորդ փուլում: Տես նաև Գիտատեխնիկական հեղափոխություն:
Գրկ. Մարքս Կ., Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1973: Նույնի, Գերմանական գաղափարախոսություն, Ընտիր երկ., հ. 1, Ե., 1972: Լենին Վ. Ի., Պրոլետարական կուլտուրայի մասին, Երկ., հ. 31: Նույնի, Մեր ռևոլյուցիայի մասին, Երկ., հ. 33: Նույնի, Կոոպերացիայի մասին, Երկ., հ. 33: ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե., 1976: Բրեժնև Լ. Ի., Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության հիսնամյակի մասին, տես նրա «Լենինյան կուրսով», հ. 4, Ե., 1974: Ким М.П., Коммунистическая партия–организатор культурной революции в СССР, М., J 955 X удавердян К.С., Культурная революция в Советской Армении, 1920–1940, Е., 1966 КПСС во главе культурной революции в СССР, М., 1972.
Կ. Խուդավերդյան
