ՀՍՀ/ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐ
ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐ, կուլտուր–լուսավորական հիմնարկներ ՍՍՀՄ–ում. նպաստում են աշխատավորության կոմունիստական դաստիարակությանը, բարձրացնում նրանց հասարակական և արտադրական ակտիվությունը, ձևավորում գեղագիտական ճաշակը: Կ. և հ. զ–ին հատկացվում են գբոսայգի–պարտեզներ, ջրային և անտառային տարածություններ: Խոշոր Կ. և հ. զ–ում կան թատերական բեմահարթակներ, ընթերցարաններ, զվարճանալու հարմարանքներ, պարահրապարակներ, սահադաշտեր, հրաձգարաններ, մարզական կառույցներ և խաղահրապարակներ, նավակների կայաններ, դահուկային բազաներ, մեկօրյա հանգստյան տներ, մանկական հրապարակներ: Անց են կացվում մասսայական–քաղաքական, կուլտուր–լուսավորական, ֆիզկուլտ–առողջապահական տարբեր աշխատանքներ, թատերականացված տոներ, ժող. զբոսանքներ, դասախոսություններ և զրույցներ, հանդիպումներ գիտության և մշակույթի գործիչների հետ, հանգստի երեկոներ, պարահանդեսներ, դիմակահանդեսներ, մարզական տոներ ու մրցույթներ: Կազմակերպվում են ներկայացումներ, համերգներ, կինոդիտումներ, թեմատիկ ցուցահանդեսներ: Առաջին Կ. և հ. զ. ստեղծվել են Մոսկվայում, ռուս. գյուղատնտ. և տնայնագործա–արտադրական ցուցահանդեսի (1923) տերիտորիայում (այժմ` Մ. Գորկու անվ. Լենինի շքանշանակիր կուլտուրայի և հանգստի կենտրոնական զբոսայգի): ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության համակարգում հաշվվում է (1979) ավելի քան 1100 Կ. և հ. զ.:
