Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, կազմակերպվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1953–ի ապրիլի 17–ի հրամանագրով: Կազմի մեջ են արվեստի գործերի, ակումբային հիմնարկների և ժողստեղծագործության վարչությունները, արտասահմանյան կապերի, ավտոմատացված կառավարման համակարգի, թանգարանների, գրադարանների, ուս. հաստատությունների, կադրերի, կապիտալ շինարարության, պլանային–ֆինանսական, վերահսկողության–վերստուգման բաժինները: Կ. մ. իրականացնում է թատերական, երաժշտական, պարարվեստի, կերպարվեստի, դեկորատիվ–կիրառական, էստրադային արվեստների զարգացման և կուլտուր–լուսավորական աշխատանքի ղեկավարությունը հանրապետությունում: Նրա իրավասությանը ենթակա են հանրապետության բոլոր պետ. թատրոնները, «Հայհամերգ» միավորումը, Հայաստանի պատմության, ՀՍՍՀ հեղափոխության, Հայաստանի Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի, Սովետական Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում, Հայաստանի ազգագրության, Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանները, Հայաստանի պետական պատկերասրահը, Խ. Աբովյանի, Հ. Թումանյանի, Ա. Իսահակյանի, Ա. Սպենդիարյանի, Ե. Չարենցի, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի տուն–թանգարանները, Ա. Մյասնիկյանի անվ. հանրային, Խնկո–Ապոր անվ. մանկական, Երաժշտական գրականության հանրապետական գրադարանները, ժողստեղծագործության կուլտ–լուսաշխատանքի հանրապետական գիտամեթոդական կենտրոնը, Պ. Չայկովսկու անվ. միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը, պարարվեստի ուսումնարանը: Կ. մ–յան օրգանն է «Սովետական արվեստ» ամսագիրը և «Կուլտուր–լուսավորական աշխատանք» հանդեսը: ՀՍՍՀ կուլտուրայի մինիստր են եղել Ջ. Տ. Գրիգորյանը (1953), Ա. Խ Շահինյանը (1954–60), Հ. Խ. Մարգարյանը (1960–64), Ռ. Հ. Խաչատրյանը (1964–1966), Հ. Մ. Բաղդասարյանը (1966–67), Կ. Բ. Ուդումյանը (1967–72), Ռ. Հ. Պարսամյանը (1972–79): 1980–ից մինիստր է Գ. Ա. Առաքելյանը:

Ա. Աբելյան