Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԼՏՈՒՐ–ՊԱՏՄԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԼՏՈՒՐ–ՊԱՏՄԱԿԱՆ ԴՊՐՈՑ, ուղղություն արվեստագիտության, առավելապես գրականագիտության մեջ: Առաջացել է XIX դ. կեսին, մշակել է գրականության և արվեստի պատմա–ծագումնաբանական ուսումնասիրման սկզբունքը: Այդ սկզբունքը, որ XVIII դ. վերջին առաջ է քաշել Յո. Հերդերը և մասամբ ընկալվել որպես կենսագրական մեթոդ, առավել լրիվ հիմնավորված է Հ. Տենի (Ֆրանսիա) աշխատություններում: Նա գեղարվեստական ստեղծագործությունը դիտել է որպես ժողովրդի հասարակական հոգեբանության արտահայտություն` նրա զարգացման որոշակի փուլում: «Արվեստները հայտնվում և անհետանում են մտքի ու բարքերի բնագավառի որոշակի հոսանքների հետ միաժամանակ, որոնց հետ նրանք կապված են» (Հ. Տեն, Գեղարվեստի փիլիսոփայությունը, Ե.–Մ., 1936, էջ 12): Իսկ այդ հոսանքների առանձնահատկությունները կախված են երեք հիմնական պայմանից, «ռասայից», «միջավայրից» և պատմական «պահից»: Ազգագրության մեջ. հակա–էվոլյուցիոն ուղղություն բուրժ. գիտության մեջ, որի հիմքում ընկած է, այսպես կոչված, «մշակութային շրջանակների տեսությունը»: Այդ տեսության մեթոդաբանական սկզբունքները շարադրել է գերմանացի ազգագրագետ Ֆ. Գրեբները «Ազգաբանության մեթոդ» (1911) գրքում: Դրանց հիմքում ընկած է նեոկանտական Հ. Ռիկերտի իդեալիստական կոնցեպցիան, ըստ որի պատմությունը ընդհանրական բնույթի օրինաչափություններ չունի, պատմական երևույթներն անհատական են և չեն կրկնվում, մշակույթի յուրաքանչյուր երևույթ առաջանում է մեկ անգամ, մի տեղում: Տարբեր ժոդովուրդների մոտ մշակույթի առկայությունը բացատրվում է սկզբնակենտրոնից տարածված լինելով: