ՀՍՀ/ԿՈՒԿՈՒՆՅԱՆ
ԿՈՒԿՈՒՆՅԱՆ Սարգիս Մովսեսի 1866, գ. Նիժ (այժմ` Ադրբեջանական ՍՍՀ Կուտկաշենի շրջանում)–1914, Օրյոլի բանտ, հայ ազատագրական շարժման գործիչ: Սովորել է Էջմրածնի Գևորգյան ճեմարանում, 1884–ին ավարտել Ներսիսյան դպրոցը, ապա սովորել Պետերբուրգի համալսարանում, ուր կապվել է հեղափոխական նարոդնիկների հետ: Օգնել է Կ. Եզյանին «Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ազգի հետ» (1898, ռուս.) վավերագրական ժողովածուն կազմելու գործում: Կ. Պետերբուրգում կապեր է հաստատել նաև լեհ ու բուլղար հեղափոխական գործիչների հետ և հայերեն թարգմանել նրանց հրապարակած 15 գրքույկներ: Արևմտահայության ազատագրության գործին մասնակցելու նպատակով Կ. մեկնեց Կովկաս, կազմակերպեց 100 հոգուց բաղկացած խումբ, ձեռք բերեց դրամ և զենք: 1890–ի սեպտ. 22–ին Կ–ի ջոկատը Կարսի մարզից փորձեց անցնել Թուրքիա: Խար գյուղի մոտ հանդիպելով թուրք սահմանապահներին` մարտի բռնվեց, որի ժամանակ երկու կողմերն էլ մեծ զոհեր տվեցին: Կ–ի խմբակի անդամները մարտնչելով նահանջեցին ռուսական սահմանը, որտեղ Կ–ին և նրա 25 ընկերներին սահմանապահները ձերբակալեցին: Ցարական դատարանը Կ–ին դատապարտեց 20 տարվա բանտարկության և 15 մյուս ընկերների հետ շղթայակապ ուղարկեց Սախալին: 1905–ին ընդհանուր մանիֆեստի շնորհիվ Կ. ժամկետից շուտ ազատվեց աքսորից և 1906–ին վերադարձավ Կովկաս: Հայրենիքում Կ. նորից սկսեց իր ազգային–ազատագրական գործունեությունը, սակայն ռեակցիայի օրերին կրկին ձերբակալվեց ու նետվեց Մետեխի բանտ, որտեղ հանդիպեց Կամոյին և օգնեց նրան բանտից փախչելու: Թիֆլիսից Կ–ին փոխադրեցին Օրյոլի բանտ, ուր և մահացավ:
Երկ. Վերջին օրերս Սախալինում, Բաքու, 1910:
Գրկ. Լեո, Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը հ. 2, Փարիզ, 1934: Ա. Մնացականյան
