Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԿՐԻՆԻԿՍՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԿՐԻՆԻԿՍՆԵՐ (ազգանունների առաջին տառերից կազմված կեղծանուն), ռուս սովետական նկարիչների ստեղծագործական խումբ` Կուպրիանով Միխայիլ Վասիլևիչ (ծն. 1903), Կռիլով Պորֆիրի Նիկիտիչ (ծն. 1902), Սոկոլով Նիկոլայ Ալեքսանդրովիչ (ծն. 1903): ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամներ (1947–ից): ՍՍՀՄ ժող. նկարիչներ (1958): Սովետական կերպարվեստի առաջատար երգիծանկարիչներ: 1924–ից աշխատել են համատեղ: 1925–ից ստեղծել են սուր, այժմեական թեմաներով աշխատանքներ («Տրանսպորտ», տուշ, 1933– 1934, և այլ նկարաշարեր): Կ–ի 1941 – 1945–ի պլակատները, ծաղրանկարները, «ՏԱՍՍ–ի պատուհանները» տոգորված են սովետական հայրենասիրությամբ, մահացու ծաղրով («Անխնա ջախջախենք ու ոչնչացնենք թշնամուն», 1941): Քաղ. ծաղրանկարների և պլակատների համար Կ. արժանացել են ՍՍՀՄ պետ. (1942) և լենինյան (1965) մրցանակների: 1920–ական թթ. պատկերազարդել են գրական երկեր (Ա. Չեխովի «Շնիկով տիկինը» և այլ գործեր, 1940–46, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1947, Մ. Գորկու «Ֆոմա Գորդեև», 1948 –1949, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1950, և «Մայրը», 1950, ՍՍՀՄ պետ. մրցանակ,1951): Կ–ի հաստոցային գեղանկարչությունը նույնպես աչքի է ընկնում քաղ. հնչեղությամբ, ռեալիզմով («Վերջ», 1947–1948, Տրետյակովյան պատկերասրահ, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1949): Անհատապես աշխատում են դիմանկարի և բնանկարի ժանրերում: 1972–ին Պ. Ն. Կռիլովը, 1973–ին Ն. Ա. Սոկոլովը արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Կ–ի «Գերմանական ինֆորմացիոն բյուրո» (1943) երգիծանկարը Հայաստանի պետ. պատկերասրահում է:

Գրկ. С о к о л о в а Н.И., Кукрыниксы, М., 1962.