ՀՍՀ/ԿՈՒՄԱՅՐԻ
ԿՈՒՄԱՅՐԻ, Կումրի, Գյումրի, բերդավան Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում: Ենթադրվում է, որ անունն առաջացել է մ. թ. ա. VIII դ. վերջին այնտեղ հաստատված կիմերների ցեղանունից: Ղևոնդ պատմիչը Կ. հիշատակում է որպես գյուղ, որտեղ իշխան Արտավազդ Մամիկոնյանը 771–ին սպանեց արաբ նվաճողների զորահրամանատարին: 1830–ականին Կ–ի մոտ կառուցվեց նոր բերդաքաղաք, որը, ի պատիվ ռուս. կայսրի դուստր Ալեքսանդրայի, կոչվեց Ալեքսանդրապոլ (այժմ` Լենինական): Պեղումներով բացված Կ–ի եկեղեցին (VII դ. վերջ) ունի քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածք: Քառակուսաձև աղոթասրահը արլ–ում ավարտվում է բեմի պայտաձև հատակագիծ ունեցող աբսիդով, որի երկու կողմում գտնվում են ուղղանկյուն ավանդատները: Գմբեթը բարձրացել է ընդհանուր կառուցվածքի կենտրոնում: Հս. ճակատից բացվող միակ դուռն ունի զույգ կիսասյունիկներով շքամուտք: Արլ. ճակատը մշակված է սեղանաձև հատակագծով երկու «հայկական խորշով»: Կենտրոնագմբեթ կառուցվածքներին բնորոշ համաչափություններ և գմբեթի տեղադրություն ունեցող այս եկեղեցին Հայաստանի վաղ միջնադարի նույնատիպ հուշարձանների ամենաուշ օրինակն է:
Մ. Հասրաթյան
