Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՄՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՄՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐ, Մեռյալ ծովի հյուսիս–արևմտյան ափին, Վադի–Կումրան շրջանի անձավներից հայտնաբերված (1947–ից) եբրայեցերեն, արամեերեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, արաբերեն հին ձեռագրերի պայմանական անվանումը: Գրելանյութերը` մագաղաթ, պապիրուս, աղյուս, պղինձ, փայտ: Շուրջ 600 երկի ավելի քան 40 հզ. ձեռագիր հատվածներ (մեծ մասամբ` չհրատարակված) պատկանել են մ. թ. ա. II դ.–մ. թ. 68–ին Հուդայի անապատում միայնացած համայնքի աղանդավորներին, որոնք հակադրվել են հուդայական պաշտոնական կրոնին: Կումրանի աղանդավորները (միայն այր մարդիկ) ապրել են համայնական սկզբունքով (համատեղ պարտադիր աշխատանք, միասնական սեփականություն, ընդհանուր հացկերույթ): Համայնքի հիմնադիրն ու գաղափարախոսը եղել է անանուն «Արդարության ուսուցիչը», որին իբր վերուստ շնորհվել են նույնիսկ մարգարեներին անհայտ գաղտնիքներ: Համայնքի կարևոր ստեղծագործություններից են Կանոնադրությունը, Դամասկոսյան վավերագիրը, Պատերազմի գալարը, Ձոները, աստվածաշնչային գրքերի Մեկնություններ, պատարագային և կատարածաբանական բնագրերի ժողովածուն, որոնցում արտահայտված են աղանդի գաղափարախոսությունը, հասարակության զարգացման մակարդակը և կազմակերպչական սկզբունքները: Անվավերական բազմաթիվ հատվածներ Հին կտակարանի նախականոնական տարբերակներ են: Կումրանցիները զգալի ազդեցություն են ունեցել մ, թ. I դ. ձևավորվող վաղ քրիստոնեական համայնքների վրա: Տես նաև «Մեռյալ ծովի ձեռագրեր»:

Գրկ. Тексты Кумрана, предисловии и комментарии И. Д. Амусина, М., 1971 Старкова К. Б., Литературные памятники Кумранской общины. Л., 1973 («Палестинский сборник», 24 87).