ՀՍՀ/ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ
ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ, գտնվում է Երևանում: Կազմակերպվել է 1963–ին: Տեսողությունից հաշմանդամ անձանց գաղափարական դաստիարակության ու կրթության գործի կազմակերպման կարևոր օջախ է: Հրատարակում է գեղարվեստական, քաղ., գիտահանրամատչելի գրականություն, մասնագիտական գրքեր, դասագրքեր բուհերի և դպրոցների համար, կուսակցական և պետ. փաստաթղթեր, նոտաներ, ուռուցիկ քարտեզներ ու գծագրեր, թողարկում պարբերական հրատարակություններ: Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության օրգան ամենամսյա «Բյուլետենը» (1958–ից) լուսաբանում է միավորման արտադրական և մշակութային գործունեությունը, Սովետական Միության կոմկուսակցության և կառավարության ներքին և արտաքին քաղաքականությունը, անդրադառնում սոցիալ–տնտեսական, բժշկ., տիֆլոմանկավարժական և այլ պրոբլեմների, պրոպագանդում է սովետական ու արտասահմանյան ակնաբուժության հաջողությունները: 1963–ից հրատարակվող կույրերի միավորման օրգաններ «Արձագանք» շաբաթաթերթը և «Գրական հանդես» ամսագիրը հանրապետական մամուլից արտատպումներ են կատարում: Բրայլի կամ ուռուցիկ գրաեղանակով (տես Բրայլի գրատիպ) թողարկվող հրատարակչական արտադրանքի տարեկան ծավալը կազմում է մոտ 800, իսկ հրատարակչական ընդհանուր արտադրանքը` 1200 հրատարակչական մամուլ: 1965–ից հրատարակչության ձայնագրման ստուդիան թողարկում է «խոսող» գրքեր մագնիտոֆոնային ժապավենի վրա (տարեկան մոտ 400 մամուլ): Կ. մ. հ–յան հրատարակությունները ուղարկվում են նաև սփյուռք:
Թ. Բոյաջյան
