ՀՍՀ/ԿՈՒՆԾԻԿ ԱԲԵՂԱ
ԿՈՒՆԾԻԿ ԱԲԵՂԱ (ծն. և մահ. թթ. անհտ.), Թոնդրակյան շարժման ղեկավար X դ. վերջին և XI դ. սկզբին: Ապրել է Մանանաղի գավառի Շիրնի բերդաքաղաքի մոտ գտնվող համանուն ագարակում: Թոնդրակյան գաղափարախոսությունը ուսանել է աղվանքցի մի աբեղայից և իր հերթին քարոզել Մանանաղիում: Թոնդրակեցիների մեջ է ներգրավել ազնվականուհիներ Հրանույշին, Կամարա և Ախնի քույրերին, իշխան Վրվեռին և նրանց աջակցությամբ X դ. վերջին թոնդրակյան համայնքներ կազմակերպել Աղյուսո ու Կաշե գյուղերում: XI դ. սկզբին նրանց ոտքի է հանել աշխարհիկ ու հոգևոր կալվածատերերի դեմ և ավերել գավառի մի շարք եկեղեցիներ ու սրբավայրեր: Ի պատասխան` Սամվել եպիսկոպոսի գլխավորությամբ գավառի ավատատերերը այրել ու ոչնչացրել են վերոհիշյալ գյուղերը և հալածել թոնդրակեցիներին: Դրանից հետո Կ. Ա–ի մասին տեղեկություններ չկան:
Գրկ. Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Ե., 1971: Ս. Պողոսյան
