ՀՍՀ/ԿՈՒՊՐԻՆ
ԿՈՒՊՐԻՆ Ալեքսանդր Իվանովիչ 26.8(7.9).1870, ք. Նորովչատ (այժմ` Պենզայի մարզում)–25.8.1938, Լենինգրադ, ռուս գրող: 1873–ին տեղափոխվել է Մոսկվա: 10 տարի անց է կացրել զինվորական ուսումնական փակ հաստատություններում, 4 տարի ծառայել հետևակային գնդում: 1894–ին թողել է ծառայությունը, մեկնել Կիև, շրջել Ռուսաստանի հվ–ում, կատարել տարբեր աշխատանքներ: 1901–ից ապրել է Պետերբուրգում: 1919–ին Գատչինայից, որ գեներալ Յուդենիչի զորքերով կտրված էր Պետրոգրադից, Կ. ընտանիքով անցել է Ֆինլանդիա, 1920–ին` Փարիզ: 1937–ին, ծանր հիվանդ, Կ. վերադարձել է Սովետական Միություն: Կ–ի առաջին պատմվածքը տպագրվել է 1889–ին: Այնուհետև լույս են տեսել «Մոլոք» (1896) վեպը և «Օլեսյա» (1898) վիպակը: Նրա ստեղծագործությունն առավել արգասավոր է եղել 1905–07–ի հեղափոխությունից առաջ` հասարակական վերելքի շրջանում և հեղափոխության տարիներին: «Մենամարտ» (1905, հայ. հրտ. 1960) վեպը պատկերում է ցարական բանակի սպայական կազմի անիմաստ կյանքն ու հոգեկան անկումը: «Յամա»–ն (մաս 1, 1909, մաս 2, 1914–15, հայ. հրտ. 1975) անբարոյականության խոցի վերացմանը օգնելու փորձ է: Կ. պատմվածքի մեծ վարպետ է («Կրկեսում», 1902, «Ճահիճ», 1902, «Վախկոտը», 1903, «Ձիագողերը», 1903, «Կարմրուկ», 1904, ևն): Ռեակցիայի տարիներին համակվել է հոռետեսությամբ («Ծովային հիվանդություն», 1908, «Աշակերտ», 1908, են): 1917–ի հեղափոխությանը նախորդած տարիներին գրել է «Զմրուխտ» (1907), «Սուլամիթ» (1908), «Հեռագրիչը» (1911), «Նռնաքարե ապարանջան» (1911), «Գոգա Վեսելով» (1916) ուշագրավ գործերը: Այդ շրջանում հեղինակն զբաղվել է նաև գեղարվեստական ակնարկով, պատկերել աշխատավոր մարդու արիությունն ու հոգեկան գեղեցկությունը: Կ–ի տարագրության տարիներն արգասավոր չեն եղել («Ոսկի աքաղաղ», 1923, «Ժանետ», 1932– 1933): Կ. քննադատական ռեալիզմի վերջին ներկայացուցիչներից է: Իր կենսասիրությամբ, հումանիզմով, լեզվի ու թեմատիկայի հարստությամբ նա դարձել է ռուսական ամենաընթերցվող գրողներից մեկը: Նրա ստեղծագործություններից շատերը բեմադրվել, կինոնկարահանվել ու թարգմանվել են տարբեր լեզուներով:
Երկ. Собр. соч., т. 1–9, М., 1970–73 Պատմվածքներ, Ե., 1956: Պատմվածքներ, Ե., 1968: Սպիտակ պուդելը, Ե., 1953:
Գրկ. Афанасьев В. И., А. И. Куприн. Критико–биографический очерк, 2 изд., испр. и доп., М., 1972.
