ՀՍՀ/ԿՈՒՌԼԱՆԴԱԿԱՆ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ
ԿՈՒՌԼԱՆԴԱԿԱՆ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ, Կուռլանդական և Զեմգալական դքսություն, ֆեոդալական պետություն Լատվիայի տերիտորիայում: Ստեղծվել է Լիվոնյան օրդենի քայքայման հետևանքով: Կ. դ–յան գլուխ կանգնած էր Լիվոնյան օրդենի մեծ մագիստրոս Կետլերի տոհմը (մինչև 1737–ը), ապա` Բիրոնները: Կենտրոնն էր Միտավան (Ելգավան): Գերմ. ազնվականությանը հաջողվեց զգալիորեն սահմանափակել դքսերի իշխանությունը, և 1617–ից Կ. դ. դարձավ «ազնվականական հանրապետություն»: Գործադիր և դատական գերագույն իշխանությունը պատկանում էր դքսական խորհրդին: Այսպես կոչված «Կուռլանդական ստատուսով» լատիշ գյուղացիները համարվում էին գերմ. կալվածատերերի ճորտեր: Դքսական ճորտային մանուֆակտուրաներն արտադրում էին կերպաս, զենք, կառուցում նավեր: Քաղաքային բնակչությունը զուրկ էր քաղ. իրավունքներրց: Ֆրանս, մեծ հեղափոխության ազդեցությամբ 1790–ին ստեղծվեց ռեֆորմների համար պայքարող «Բյուրգերական ունիան»: Լեհաստանի երրորդ բաժանմամբ (1795) Կ. դ., որ 1710–ից ռուս. ազդեցության ոլորտում էր, անցավ Ռուսաստանին և կազմեց Կուռլանդական նահանգը:
