ՀՍՀ/ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,
1. Կուսակցությանը պատկանելը, նրա խնդիրներին և սկզբունքներին համապատասխանելը:
2. Աշխարհայացքի, փիլիսոփայության, հասարակական գիտությունների, գրականության և արվեստի սոցիալ–գաղափարական ուղղվածությունը, արտահայտում է որոշակի դասակարգերի, սոցիալական խմբերի շահերը և դրսևորվում է գիտական, գեղարվեստական ստեղծագործության սոցիալական միտումներում և ստեղծագործողի դիրքորոշման մեջ (տես Գաղափարախոսություն): Կ. հասարակական գիտությունների, փիլիասոփայության, գրականության և արվեստի դասակարգային բնույթի բարձրագույն արտահայտությունն է: Այն անխզելիորեն կապված է քաղ. կուսակցությունների գործունեությանը, հատուկ է հասարակական մտքի ողջ պատմությանը: Իշխող դասակարգերի շահերը միշտ էլ արտահայտել են զանազան քաղ. խմբավորումները, փիլ., հասարակական–քաղաքական տարբեր հոսանքները: Գաղափարական պայքարում արտահայտվել են նաև ճնշված դասակարգերի շահերն ու հետաքրքրությունները (օրինակ, ուտոպիական սոցիալիզմը): Բուրժ. հասարակարգում աճում է Կ–յան դերը դասակարգային պայքարում և հասարակության գաղափարական–քաղաքական կյանքում: Կ–յան սկզբունքը դառնում է սոցիալական երևույթների գնահատման և վերլուծման, գիտական ըմբռնումների, քաղ. ծրագրերի համընդհանուր սկզբունք: Գիտության և դասակարգային շահերի միահյուսումը հնարավոր դարձավ միայն իրականության կոմունիստական վերափոխման ժամանակաշրջանում: Կոմունիստական կուսակցությունը հետևողականորեն պաշտպանում է Կ–յան սկզբունքը` այդպիսով արտահայտելով իրականության նկատմամբ գործուն վերաբերմունքը: Ի հակադրություն դրան, բուրժուազիան իր շահադիտական նպատակները ներկայացնում է որպես ողջ հասարակության քաղ. և տնտ. նպատակներ, քողարկվում անկուսակցականությամբ: Բուրժ. գաղափարախոսներն ու քաղաքագետները հանդես են գալիս ընդդեմ Կ–յան, ձգտում զանգվածների գիտակցության մեջ ամրապնդել հասարակական կյանքի ապագաղափարականացման և ապաքաղաքականացման գաղափարները: Այդ պատճառով, ինչպես նշում է Վ. Ի. Լենինը, Կ. հանգես է գալիս որպես սոցիալիստական, իսկ անկուսակցականությունը` բուրժ. գաղափար (Երկ., հ. 10, էջ 87): Կ–յան սկզբունքը յուրահատուկ է դրսևորվում հասարակական գիտություններում, փիլիսոփայության, գրականության մեջ և արվեստում: Հասարակական գիտություններում Կ. հետևանք է հասարակական երևույթների հետազոտման, որն անհնար է իրականացնել առանց հաշվի առնելու սոցիալական խմբերի ու դասակարգերի շահերը: Ի հակակշիռ մարքսիստական այս հստակ դիրքորոշման, բուրժ. մտածողները պաշտպանում են օբյեկտիվիզմը, այն նույնացնելով գիտականության հետ: Կ. փիլիսոփայությունում և հասարակական գիտություններում կապված է աշխարհի իրական պատկերի ճանաչման, առաջադիմական գաղափարների զարգացման հետ, որոնք, որպես կանոն, առաջադրել են առաջադիմական դասակարգերի ներկայացուցիչները: Կ–յան համընկնումն օբյեկտիվության հետ ապահովվում է իրականության դիալեկտիկական, հակասության հետազոտմամբ, ճշմարտության որոնմամբ, ոչ միայն սկզբունքների ճիշտ կիրառմամբ, այլև ճիշտ սկզբունքների կիրառմամբ: Հետևողական օբյեկտիվ Կ. է ամեն տեսակ սուբյեկտիվիզմի, դոգմատիզմի հակադրվող մարքսիստական, կոմունիստական Կ.: Մարքսիստական Կ. պայքարում է գիտական որոնումների ու լուծումների բազմազանության համար, որը չի հակասում սոցիալիստական գաղափարախոսության հաստատմանը: Մարքսիստական Կ, պաշտպանում է գիտական բանավեճերի ազատությունը և ենթադրում այն` պաշտպանելով ճշմարտության ստեղծագործական որոնումը: Այն կողմնորոշում է դեպի բուրժ. մշակույթի ամենաակտիվ քննադատությունը: Մարքսիստական փիլիսոփայությունը ներառում է Կ., այսինքն` բանվոր դասակարգի հետևողական պաշտպանությունը, որպես գիտականության անհրաժեշտ բաղադրամաս: «Նորագույն փիլիսոփայությունը,– նշում է Վ. Ի. Լենինը,–նույնպես կուսակցական է, ինչպես և երկու հազար տարի սրանից առաջ» (Երկ., հ. 14, էջ 480): Գրականության մեջ և արվեստում Կ. դրսևորվում է ստեղծագործության գաղափարական ուղղվածության մեջ (տես Գաղափարականություն): Արվեստագետը չի կարող հեռանալ իր կերպարների սոցիալական դիրքորոշման որոշակի մեկնաբանությունից, քանի որ յուրաքանչյուրը անթիվ թելերով կապված է որոշակի դասակարգի շահերին և հոգեկան արժեքներին: Թեև գաղափարական ուղղվածությունը գրականությանն ու արվեստին հատուկ է եղել միշտ, սակայն գեղարվեստական ստեղծագործության Կ–յան սկզբունքը առաջինը հստակ բնորոշել է Վ. Ի. Լենինը: «Կուսակցության կազմակերպություն և կուսակցական գրականություն» (1905) հոդվածում Լենինը մատնանշել է ստեղծագործության բացարձակ ազատության մասին դատողությունների երկերեսանիությունը, ցույց տրվել, որ բուրժ. արվեստագետների ստեղծագործական ազատությունը իրականում քողարկում է դրամի հարկադրանքով իրականացվող նրանց գործունեությունը և այս իմաստով անհամատեղելի դառնում աշխատավորության իդեալները արտահայտող պրոլետարական սոցիալիստական իրոք ազատ գրականությանն ու արվեստին: Կոմունիստական կուսակցությունը մշտապես ընդգծում է Կ–յան սկզբունքի զարգացման անհրաժեշտությունը, այն դիտում որպես սոցիալական երևույթների մեջ թափանցելու, մարդկային նոր բնավորությունների և նոր հարաբերությունների համոզիչ պատկերման պայման: Սոցիալիզմի և կապիտալիզմի ուժերի պայքարում սոցիալական երևույթների վերլուծության ու գնահատման դասակարգային–կուսակցական մոտեցման անհրաժեշտությունը մեծանում է: ՍՄԿԿ XXV համագումարում վերստին շեշտվեց, որ «երկու աշխարհայացքների պայքարում չի կարող տեղ լինել չեզոքության ու կոմպրոմիսների համար: Այստեղ հարկավոր է քաղ. բարձր զգոնություն, ակտիվ, օպերատիվ և համոզիչ պրոպագանդիստական աշխատանք, հարկավոր է ժամանակին հակահարված հասցնել թշնամական գաղափարական դիվերսիաներին» (ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, 1976, էջ 111):
