ՀՍՀ/ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ ՍՄԿԿ, ժողովների, կոնֆերանսների և համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցական կազմակերպությունների ընթացիկ աշխատանքները ղեկավարող գործադիր մարմիններ (տես նաև Կուսակցական բյուրո)` Կ. կ. առաջնորդվում են ՍՄԿԿ ծրագրով և կանոնադրությամբ, իրականացնում կուսակցության քաղաքականությունը և նրա բարձրագույն մարմինների դիրեկտիվները: Ընտրվում են կոմունիստների ժողովներում, կոնֆերանսներում, համագումարներում փակ (գաղտնի) քվեարկությամբ, ՍՄԿԿ գործունեությունը ղեկավարում է համագումարի կողմից ընտրված ՍՄԿԿ Կենտկոմը (տես Կենտրոնական կոմիտե ՍՄԿԿ): ՍՄԿԿ տեղական կազմակերպությունները և նրանց Կ. կ. ստեղծվում են ՍՍՀՄ վարչատերիտորիալ բաժանմանը համապատասխան: ՍՄԿԿ հանրապետական կազմակերպությունների գործունեությունը ղեկավարում են միութենական հանրապետությունների կոմկուսների Կենտկոմները (տես Կենտրոնական կոմիտե ՀԿԿ), երկրամասերինը` երկրկոմները, մարզերինը և ինքնավար հանրապետություններինը` մարզկոմները, օկրուգներինը` օկրուգկոմները, քաղաքներինը` քաղկոմները, շրջաններինը` շրջկոմները: Ձեռնարկություններում և հիմնարկներում 300–ից ավելի (որոշ դեպքերում 100–ից ավելի), իսկ կոլտնտեսություններում և սովետական տնտեսություններում 50 կոմունիստ ունեցող սկզբնական կուսակցական կազմակերպությունները ղեկավարում են Կ. կ. (տես ՍՄԿԿ կանոնադրություն, 43, 48, 57): Երկրկոմները, մարզկոմները, օկրուգկոմները, քաղկոմները և շրջկոմները համապատասխանաբար ընտրվում են իրենց կոնֆերանսների կողմից` 2–3 տարի ժամկետով: Կոմունիստական շինարարությունը և կուսակցական գործունեության տարբեր բնագավառները ղեկավարելու համար Կ. կ. ընտրում են բյուրոներ և քարտուղարություններ, ստեղծում հատուկ բաժիններ ու սեկտորներ (կուսակցական ապարատ), որոնցում աշխատողները վարձատրվում են կուսակցության բյուջեի հաշվին: Երկրկոմները և մարզկոմները պլենումներ հրավիրում են 4 ամիսը մեկ անգամ, իսկ օկրուգկոմները, քաղկոմները և շրջկոմները` 3 ամիսը մեկ անգամ: Արդ. ձեռնարկությունների, հիմնարկների, գիտական և ուս. հաստատությունների Կ. կ. ընտրվում են կոնֆերանսներում և սկզբնական կուսակցական կազմակերպությունների ընդհանուր ժողովներում` 2–3 տարի ժամանակով: Ընթացիկ աշխատանքները վարելու համար Կ. կ. ընտրում են քարտուղար և տեղակալներ: Այն Կ. Կ., որոնց կազմակերպության մեջ հաշվվում է հազարից ավելի կոմունիստ, միութենական հանրապետության կոմկուսի ԿԿ–ի թույլտվությամբ կարող են տրվել շրջկոմի իրավունքներ: Կ. կ. իրենց գործունեությամբ հաշվետու են համագումարներին, կոնֆերանսներին և ժողովներին:
