ՀՍՀ/ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ, հասարակության, դասակարգի կամ նրա խավի շահերն արտահայտող քաղաքական կազմակերպություն, որը հանուն որոշակի նպատակների և գաղափարների միավորում և ղեկավարում է նրանց առավել ակտիվ ներկայացուցիչների գործողությունները: Կ. դասակարգային կազմակերպության բարձրագույն ձև է: Նրա երևան գալը կապված է հասարակությունը դասակարգերի բաժանվելու, դասակարգային պայքարի պատմության և, հատկապես, քաղ. իշխանության հասնելու հետ: «Դասակարգերի բաժանման հետ հիմնված հասարակության մեջ թշնամական դասակարգերի կռիվն անխուսափելիորեն, նրա զարգացման որոշ աստիճանում, դառնում է քաղաքական կռիվ: Դասակարգերի քաղաքական կռվի ամենաամբողջական, լիակատար ու ձևակերպված արտահայտությունը կուսակցությունների կռիվն է» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 10, էջ 85–86): Ի տարբերություն դասակարգերի ձևավորման տարերային ընթացքի, Կ–յան ձևավորումը կարող է տեղի ունենալ միայն մի որևէ դասակարգի գաղափարախոսների կողմից իրենց ընդհանուր արմատական շահերի գիտակցման և դրանք որոշակի կոնցեպցիաների ու քաղ. ծրագրի ձևով արտահայտելու ընթացքում: Կ–յան վերջնական սահմանազատումը տեղի է ունենում միայն հասուն կապիտալիզմի պայմաններում: Ստրկատիրական և ֆեոդ. հասարակարգերում գոյություն ունեին դասային քաղ. խմբավորումներ, որոնք արտահայտում էին տիրապետող դասակարգերի տարբեր խավերի շահերը: Տնտ. տարանջատվածության պայմաններում աշխատավոր խավերը պատմական այդ շրջանում ի վիճակի չէին ստեղծելու իրենց Կ.: Նրանց շահերը հայտնի չափով արտահայտում էին ունևոր դասակարգի առաջադիմական քաղ. խմբավորումները, որոնք շահագրգռված էին հետադիմության դեմ մղվող պայքարում ժող. զանգվածների աջակցության մեջ (օրինակ, յակոբինյանները` Ֆրանսիայում): Պրոլետարիատը և բուրժուազիան քաղ. գերիշխանության համար մղվող պայքարը XIX դ. կեսերից իրականացնում են իրենց Կ–ների միջոցով: Կուսակցական սիստեմը դառնում է բուրժ. պետ. իշխանության մեխանիզմի բաղկացուցիչ մասը: Բազմակուսակցությունը բուրժ. պետության մեջ չի փոխում կացութաձևի քաղ. իշխանության էությունը և չի շոշափում նրա տնտ. հիմքերը: Բազմակուսակցությունը, արտահայտում է ինչպես դասակարգերի միջև եղած հակասությունները, այնպես էլ մեկ դասակարգի ներսում եղած տարբեր շերտավորումների և խմբերի առկայությունը: Ժամանակակից մի շարք բուրժ. պետություններում (Մեծ Բրիտանիա, ԳՖՀ, Ավստրիա, Բելգիա, Սկանդինավյան երկրներ ևն) քաղ. լուրջ ուժ են հանդիսանում ս–դ. կուսակցությունները, որոնք այդ երկրներում իրենց ետևից են տանում բանվոր դասակարգի մեծամասնությունը, տիրապետող դիրքեր գրավում արհմիություններում և մյուս մասսայական կազմակերպություններում: Սակայն սոցիալիզմի նպատակների ըմբռնման, դրանց հասնելու իրենց մեթոդներով ու տեմպերով աջ սոցիալ–դեմոկրատները հեռու են գիտական սոցիալիզմից: Նրանք քարոզում են սոցիալիզմի կառուցում` բացառապես ռեֆորմների, դասակարգային հակամարտությունների հաշտեցման և բուրժ. դեմոկրատիային հավատարմության ճանապարհով: Կապիտալիզմի զարգացման իմպերիալիստական փուլում է լ ավելի են խորանում հակասությունները մոնոպոլիստական վերնախավի և հասարակության մնացած մասի միջև, որը և տանում է համադեմոկրատական պահանջներ առաջադրող ու սոցիալական լայն հիմքեր ունեցող կուսակցությունների ստեղծման: Գաղութային կախումից ազատագրված մի շարք պետություններում հաճախ ստեղծվում են ազգ. անկախության նշանաբանով միավորված և ժող. լայն զանգվածներ ներկայացնող հակաիմպերիալիստական կուսակցություններ: Իր պատմական առաքելությունը` կոմունիստական հասարակության կառուցումը հաջող իրականացնելու համար բանվոր դասակարգին անհրաժեշտ էր ինքնուրույն Կ., որն իր բնույթով, գաղափարներով, կազմակերպչական ձևերով և գործունեության մեթոդներով արմատապես տարբերվում է մնացած բոլոր դասակարգերի Կ–ներից: Այդպիսի Կ–յան պատմական դերը, խնդիրները և կառուցման սկզբունքները սահմանեցին Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստում» (1848): Հայ իրականության մեջ Կ–ների ծնունդը կապված է 1880–90–ական թթ. հայ ժողովրդի ազգային–ազատագրական շարժման վերելքի հետ: Այդ շրջանում ստեղծվեցին հայ ազգային քաղ. Կուսակցությունները (արմենականները`1885–ին, Մարսելում, հնչակյանները` 1887–ին, Ժնևում և դաշնակցությունը`1890–ին): Ունենալով սոցիալական տարբեր հիմքեր և գործունեության տարբեր մեթոդներ` այդ կուսակցությունները տվյալ շրջանում ունեին մեկ ընդհանուր մերձավոր նպատակ` ազատագրել Հայաստանը օտարերկրյա լծից և ձեռք բերել քաղ. անկախություն: XX դ. սկզբներին Ռուսաստանում կապիտալիզմի զարգացման հորձանուտի մեջ էր ներքաշվել նաև Անդրկովկասը: Հայ բուրժուազիայի ձևավորմանը զուգընթաց ասպարեզ էր մտել հայ պրոլետարիատը: Հեղափոխական պայքարում ընթանալով ռուս. պրոլետարիատի հետ կողք–կողքի` այն շուտով ստեղծեց իր Կ.` ՍՄԿԿ ջոկատը հանդիսացող Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:
Գրկ. Մարքս Կ., Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1973: Լենին Վ. Ի., Ռուսական քաղաքական պարտիաների դասակարգման փորձ, Երկ., հ. 11: Նույնի, Քաղաքական պարտիաները Ռուսաստանում, Երկ., հ. 18: Ներսիսյան Մ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ, Ե., 1955: Բարսեղյան Խ., Մարքսիզմի տարածումը Հայաստանում, հ. 2, Ե., 1975:
