Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՍԱՆՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՍԱՆՈՑ, կուսաստան, քրիստոնյա միանձնուհիների կրոնական համայնք: Առաջացել է քրիստոնեությունը պետ. կրոն հռչակվելու ժամանակաշրջանում (III––IV դդ.)` աշխարհիկ կյանքը մերժելու, ճգնակեցությամբ, տառապանքով և աղոթքներով աստծուն մերձենալու քրիստոնեական նշանաբանով: Առաջին Կ–ները հիմնադրվել են Եգիպտոսում, Պաղեստինում, Ասորիքում: Ըստ ավանդական պատմության, Հայաստանում առաջին Կ. հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը: Փավստոս Բուզանդը վկայում է, որ Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի (353–373) հրամանով Կ–ներ կառուցվեցին Հայաստանի համարյա բոլոր գավառներում: Դրանք 374–ին ավերեց Պապ թագավորը: Միանձնուհիները մտնելով Կ.` ընդունում էին կանոնադրություն, երդվում հավատարիմ մնալ կուսակրոն կյանքին: Կ. մտնող կանանց տալիս էին նոր անուն, կտրում մազերը (խորհրդանշում էր «աստծո ստրուկ» դառնալը): Սկզբնական շրջանում Կ–ի ապրուստը հոգում էին միանձնուհիների ընտանիքները, մասամբ` պետությունը: Հետագայում նվիրատվությունների հաշվին Կ–ները դարձան խոշոր կալվածատերեր: Սովորաբար Կ–ին կից գործում էր հիվանդանոց, ուր միանձնուհիները կատարում էին գթության քույրերի դեր: Մենաստանները հիմնականում համալրում էին ձախորդությունների հանդիպած, դաժան իրականությունից հեռացած կանայք, որոնց փախուստը կյանքից իշխող կարգերի դեմ կրավորական պայքարի արտահայտություն էր: Եկեղեցին Կ. ծառայեցնում էր կրոնը տարածելու, բարեպաշտություն քարոզելու, հավատացյալներին ջերմեռանդ դարձնելու նպատակին: Միջին դարերում Կ–ների քանակը խիստ աճեց համարյա բոլոր քրիստոնեական երկրներում: Կ. դարձավ եկեղեցու կցորդ: Կ. հաճախ ծառայեցվում էր քաղ. նպատակների, բռնի Կ. էին նետվում պալատական խարդավանքներում պարտություն կրած բարձրաստիճան կանայք, անգամ` թագուհիներ: Կ–ին մեծ հարված հասցրին Ռեֆորմացիան և Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Բողոքականությունն ընդհանրապես արգելեց Կ–ի գոյությունը: Սովետական Միությունում և մյուս սոցիալիստական երկրներում, Կ–ների կալվածքների և գույքի ազգայնացումից հետո, Կ–ներն աստիճանաբար վերանում են: 1972–ին աշխարհում եղել է 100 հզ. կաթոլիկական Կ.: Տես նաև Մենաստան:

Վ. Գրիգորյան