ՀՍՀ/ԿՈՒՍԻԿՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ
ԿՈՒՍԻԿՅԱՆ Կարապետ Բարսեղի (7.1.1864, Արմավիր–12.12.1915, Մոսկվա), հայ գրականագետ, մանկավարժ: Ավարտել է Լազարյան ճեմարանի գիմնազիական դասընթացը (1884), Մոսկվայի համալսարանի պատմա–լեզվագրական ֆակուլտետը: 1895–ից հայոց լեզու և գրականություն է դասավանդել Լազարյան ճեմարանում` որոշակի դեր խաղալով առարկաների դասավանդումը բարելավելու գործում: 1900–ին Լ. Սարգսյանի հետ հրատարակել է 3–րդ և 4–րդ դասարանների ընթերցանության ձեռնարկ («Մայրենի լեզու»), որը բազմիցս վերահրատարակվել է: 1915–ին նույնատիպ դասագիրք է կազմել Ա. Ծատուրյանի հետ («Հատիկներ»): Ճեմարանում հիմք է դրել հայ գրականության նորագույն շրջանի կանոնավոր ուսումնասիրմանը: 1912–ին լույս է տեսել Կ–ի «Գրական դեմքեր» աշխատությունը (Խ. Աբովյան, Շիրվանզադե, Ա. Ծատուրյան և ուրիշներ): 1910–12–ին Վ. Տերյանի, Ց. Խանզադյանի, Պ. Մակինցյանի, Ա. Մյասնիկյանի հետ հրատարակել է «Գարուն» գրական ալմանախը:
Գրկ. Իգնատյան Ա. Հ., Լազարյան ճեմարան, Ե., 1969: Հ. Մանասերյան
