Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՍՏԱՆԱՅԻ ՄԱՐԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՍՏԱՆԱՅԻ ՄԱՐԶ, Ղազախական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1936–ի հուլիսի 29–ին: Տարածությունը 114,6 հզ. Կմ² է, բնակչությունը` 939 հզ. (1979): Բաժանվում է 13 շրջանի, ունի 4 քաղաք, 12 քտա: Կենտրոնը` Կուստանայ: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1966, 1970):

Բնությունը: Կ. մ. գտնվում է Անդրուրալում, Տուրգայան և Անդրուրալյան սարավանդների (200–300 մ) սահմաններում, կտրտված է ձորակներով ու հովիտներով: Օգտակար հանածոներից կան երկաթ, բոքսիտ, նիկել, տիտան, ասբեստ, գորշածուխ, շինանյութեր: Կլիման ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը – 17°C–ից – 19°C է, հուլիսինը` 18°C–ից 22°C, տարեկան տեղումները` 240–350 մմ: Միակ գետը Տոբոլն է: Կան մանր լճեր: Տարածված են անտառատափաստաններն ու տափաստանները: Կենդանիներից կան գայլ, աղվես, այծյամ, գորշուկ ևն:

Բնակչությունը: Բնակվում են ղազախներ, ռուսներ, ուկրաինացիներ, գերմանացիներ, բելոռուսներ, թաթարներ և այլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 8,1 մարդ է, քաղաքային բնակչությունը` 48 (1979): Քաղաքներն են Կուստանայը, Ռուդնին, Ջետիգարան, Լիսակովսկը:

Տնտեսությունը: Գերակշռում են անջրդի հացահատիկային հողագործությունը, մսակաթնատու և մսաբրդատու անասնապահությունը, գյուղատնտ. հումքի վերամշակման արդյունաբերությունը և օգտակար հանածոների արդյունահանությունը: Էներգետիկան հիմնվում է բերովի վառելանյութի վրա: Արդյունաբերության հիմնական ճյուղը լեռնահանքայինն է: Զարգացած է նաև մետաղամշակումը, շինանյութերի արտադրությունը, քիմ., թեթև, սննդի արդյունաբերությունը: Գյուղատնտ. հողահանդակները 9,9 մլն հա են (1971), ցանքատարածությունները` 5337 հզ. հա (1972): Մշակում են ցորեն, գարի, կորեկ, վուշ, արևածաղիկ, կերային կուլտուրաներ են: Երկաթուղիների երկարությունը 835 կմ է (1971), ավտոճանապարհներինը` 8,3 հզ. կմ: 1971 72 ուս. տարում մարզն ուներ 912 հանրակրթական դպրոց, 30 պրոֆտեխ. ուսումնարան, 15 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, մանկավարժական ինստ., Ղազախական պոլիտեխ. և Ցելինոգրադի գյուղատնտ. ինստ–ների մասնաճյուղեր: 1972–ին Կ. մ–ում կար 604 գրադարան, 755 կինոկայանք, 15 պիոներական պալատ և տուն, մարզային 2 թերթ, 152 հիվանդանոց, 1,2 հզ. բժիշկ: