Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՍՏՈԴԻԵՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՍՏՈԴԻԵՎ Բորիս Միխայլովիչ (1878– 1927), ռուս սովետական նկարիչ: 1896– 1903–ին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1909–ից` ակադեմիկոս): Ռուս նկարիչների միության (1907–ից), «Միր իսկուստվա»–ի, ԱԽՌՌ (1923–ից) անդամ: 1906–ից հանդես է եկել գեղջկական տոնակատարություններ ու գավառային քաղաքի քաղքենիական–վաճառականական կենցաղը պատկերող վառվռուն, դեկորատիվ բնույթի նկարաշարերով («Տոնավաճառներ», «Բարեկենդաններ»): Կ. ստեղծել է ռուս վաճառականների հավաքական կերպարներ («Վաճառականի կինը», 1915, Ռուսական թանգարան, Լենինգրադ): 1900–ական թթ. սկզբից մշակել է դիմանկար–պատկերի ժանրը, մոդելը շաղկապելով ինտերիերին և բնանկարին (Ֆ. Ի. Շալյապին, 1922, Ռուսական թանգարան): Աշխատել է տարբեր թատրոններում որպես բեմանկարիչ (Ե. Զամյատինի «Լու», 1925, ՄԳԱԹ): Հեղափոխությունից հետո, հոկտեմբերի 1–ին տարեդարձի առթիվ մասնակցել է Պետրոգրադի ձևավորմանը, ստեղծել պլակատներ, լուբոկներ, նկարներ («Բոլշևիկ» 1919–20, Տրետյակովյան պատկերասրահ) նկարազարդել դասական և ժամանակակից հեղինակների գրքեր: Կ–ի ութ աշխատանք գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում: