Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՐ (հուն. ), Կովկասի ամենամեծ գետը: Երկարությունը 1364 կմ է, ավազանը` 188 հգ. կմ²: Սկիզբ է առնում Հայկական լեռնաշխարհի Կող (Գեոլեհ) ճահճացած գոգավորության 2025 մ բարձրությունից: Հոսում է Վրացական ՍՍՀ–ի և Ադրբեջանական ՍՍՀ–ի տարածքով, թափվում Կասպից ծով` առաջացնելով ընդարձակ (100 կմ²) դելտա: Վերին հոսանքում լեռնային է, հոսում է գերազանցապես ձորերով ու կիրճերով (հայտնի է բորժոմի անտառապատ կիրճը, մոտ 53 կմ), այնուհետև` Քարթալինյան հարթավայրով ու Դիղոմի գոգավորությունով, Թբիլիսիից ցած` Բորչալուի հարթավայրով և Կարայազի ջրազուրկ տափաստանով: Մինգեչաուրի մոտ կտրում է Բոզդաղի ժայռոտ բարձունքները (որից վեր կառուցված է Մինգեչաուրի ջրամբարը), դուրս գալիս Կուր–Արաքսյան հարթավայր, հոսում դանդաղ, գալարապտույտներով, հաճախ փոխում հունը` թողնելով ճահճացած հնահուներ: Աջ վտակներն են Փարվանան, Ալգետը, Խրամը, Աղստևը, Ձեգամչայը, Շամխորչայը, Գյանջաչայը, Թարթառը ևն, ձախ վտակները` Փոցխովը, Լիախվան, Քսանը, Արագվան, Ալազանը, Տուրիանաչայը ևն: Գետաբերանից 236 կմ վեր ընդունում է ամենախոշոր վտակը` Արաքսը: Սնումը խառն է` ձնհալքի և ստորերկրյա ջրերի գերակշռությամբ: Տարեկան միջին ծախսը` 575 մ³/վրկ (գետաբերանում), հոսքը հիմնականում գարնանային է (60–70): Տարեկան հոսքը 18,2 կմ³ է: Մինգեչաուրից ցած հոսքի ռեժիմը կանոնավորված է ջրամբարով, հորդացումները` մարտից մայիս (առավելագույնը): Պղտորությունը` 2325 գ մ³, ծով է բերում տարեկան 21 մլն տ գետաբերուկներ: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով: Կ–ի վրա են Չիտախևի ՀԷԿ–ը, ԶԱՀԷԿ–ը, Օրթաճալա ՀԷԿ–ը, Մինգեչաուրի ՀԷԿ–ը, մի շարք ՀԷԿ–եր կառուցված են վտակների վրա: Կա ձկնորսություն: Նավարկելի է Եվլախից մինչև գետաբերան (600 կմ): Ափամերձ քաղաքներն են Բորժոմը, Գորին, Թբիլիսին, Մինգեչաուրը, Սաբիրաբադը: Կան Կ–ին նվիրված հայկական, վրացական և ադրբեջանական բազմաթիվ զրույցներ ու առասպելներ: Ըստ հայկական մի պատումի` հնում Կ. անունով մի գեղանի աղջիկ էր ապրում: Նա ուներ մի կախարդական կուժ, որի ջուրն անսպառ էր: Նա ման էր գալիս Անդրկովկասի դաշտերով և ջուր հասցնում երեք եղբայրներին` հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին: Ասում են նրա փոքրիկ կուժն ավելի շատ ջուր էր տանում, քան մի մեծ ծով: Կ. իրենց ստեղծագործություններում գովերգել են հայ, ադրբեջանցի և վրացի գրողները: