ՀՍՀ/ԿՈՒՐԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
ԿՈՒՐԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, արշիպելագ Օխոտի ծովի և Խաղաղ օվկիանոսի սահմանագծում: Գտնվում է Հոկայդո կղզու և Կամչատկա թերակղգու միջև: Կազմված է 30 մեծ և բազմաթիվ փոքր կղզիներից: Տարածությունը 15,6 հզ. կմ² է: Բաժանվում է Կուրիլյան Մեծ (1200 կմ) և Կուրիլյան Փոքր (120 կմ) շղթաների: Կրուզենշտեռնի ն Բուսոլ նեղուցները կղզիների Մեծ շղթան բաժանում են 3 խմբի` հս., միջին, հվ.: Յուրաքանչյուր կղզի հրաբուխ է կամ հրաբուխների շղթա: Օգտակար հանածոներից կան ծծումբ, ոսկի, սնդիկ, պղինձ, անագ: Ռելիեֆը լեռնային է` 500–1000 մ, առավելագույնը` 2339 մ բարձրությամբ: Ափերը զառիթափ են կամ դարավանդավոր: Կլիման չափավոր ցուրտ է, մուսսոնային: Փետրվարի միջին ջերմաստիճանը –6°C–ից –7°C է, նվազագույնը` մինչև –25°C, օգոստոսինը 10–17°C է, տարեկան տեղումները` 600–1000 մմ: Խոշոր կղզիները կտրտված են բազմաթիվ գետերով ու գետակներով: Շատ կան լճեր: Հողերը գերազանցապես ճմային են, մարգագետնային, անտառներում` թույլ պոդզոլային: Բուսածածկույթը բաղկացած է ծառատեսակներից, թփուտներից և խոտաբույսերից: Կենդանիներից կան աղվես, արջ, կնգում, շերտավոր սկյուռ: Շատ են թռչունները, ձկներն ու ծովային գազանները: Բնակչությունն զբաղվում է ձկնորսությամբ և անտառատնտեսությամբ: Կա ձկնարդյունաբերություն: Քաղաքներն են` Կուրիլսկը, Սևերո Կուրիլսկը:
