ՀՍՀ/ԿՈՒՐՈՐՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԿՈՒՐՈՐՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կուրորտոլոգիա, բժշկագիտության մասնաճյուղ, ուսումնասիրում է բնական գործոնների բուժիչ հատկությունները, մարդու օրգանիզմի վրա դրանց ազդեցությունը, օգտագործումը բուժկանխարգելիչ նպատակով և մշակում առողջարանա–բուժավայրային հիմնարկների սոցիալ–հիգիենային պայմանները: Կ. ընդգրկում է բալնեոլոգիան, բալնեոթերապիան, բալնեոտեխնիկան, բուժիչ ցեխերի մասին ուսմունքը (ցեխաբուժություն), կուրորտային կլիմայաբանությունը և կլիմայաբուժությունը (օդա–, արևա–, ծովաբուժություն), բուժավայրերի պլանավորման, կառուցման և կազմակերպման հարցերը: Կ. սերտորեն առնչվում է ֆիզիոթերապիայի, ինչպես նաև կլիմայաբանության, ֆիզիոլոգիայի, կլինիկական այլ դիսցիպլինների և հիգիենայի հետ: Կ. ՍՍՀՄ–ում զարգացել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: 1926–ին, Ն. Ա. Սեմաշկոյի նախաձեռնությամբ, Մոսկվայում հիմնվել է Կուրորտաբանության կենտրոնական ինստ–ը: 1976–ին ՍՍՀՄ–ում գործել է կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի 14 ԳՀԻ: Կ–յան հարցերով զբաղվում են նաև ՍՍՀՄ ԲԳԱ և միութենական հանրապետությունների այլ ինստ–ներում ու լաբորատորիաներում, բժշկ., բժիշկների կատարելագործման ինստ–ների ամբիոններում և արհմիությունների խոշոր բուժավայրերի հատուկ լաբորատորիաներում: Կ–յան բնագավառում գիտական գործունեությունը կոորդինացնում է կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի կենտրոնական ինստ–ը, կուրորտաբանների և ֆիզիոթերապիաների համամիութենական գիտական բժշկական ընկերությունը, ՍՍՀՄ ԲԳԱ ընդհանուր միութենական պրոբլեմային հանձնաժողովը: Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի կենտրոնական ինստ–ի բազայի վրա, կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի վերաբերյալ գիտական հետազոտությունները համաձայնեցնելու նպատակով Եվրոպայի սոցիալիստական երկրներում ստեղծվել է կոորդինացիոն կենտրոն: Կ–յան հարցերը ՍՍՀՄ–ում լուսաբանվում են «Կուրորտնոյե դելո» («Курортное дело», 1923–ից) և «Վոպրոսի կուրորտոլոգիի, ֆիզիոթերապիի ի լեչեբնոյ ֆիզիչեսկոյ կուլտուրի» («Вопросы курортологии, физиотерапии и лечебной физической культуры», 1923–ից) ամսագրերում, կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ԳՀԻ–ների աշխատություններում, մեթոդական ձեռնարկներում: Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո ազգայնացված պալատների ու առանձնատների մի մասը վերածվեցին ժողովրդի լայն զանգվածներին մատչելի առողջարանա–բուժավայրային հիմնարկների: Ձեռնարկվեցին միջոցառումներ նոր առողջարանների և հանգստյան տների կազմակերպման, դրանց բարեկարգման ու կանաչապատման ուղղությամբ, և սկսվեցին հայկական ՍՍՀ տերիտորիայի բուժավայրային անսպառ պաշարների բազմակողմանի հետազոտությունները: Հայաստանում Կ–յան հիմնադիրներն են` Լ. Ա. Հովհաննիսյանը, Ա. Ա. Մելիք–Ադամյանը, Ա. Հ. Հակոբյանը, Ս. Մ. Լազարևը, Գ. Ա. Ղևոնդյանը, Ու. Ն. Գյանջեցյանը, Գ. Ա. Մեդնիկյանը, Ա. Պ. Դեմյոխինը: 1921–ին Դիլիջանում կազմակերպվեց տուբերկուլոզային առողջարան, 1925–ին` Արզնու սրտաբանական առողջարանը: 1930–ին սկսվեցին Ջերմուկի թերմերի ուսումնասիրությունները, որոնց հիման վրա 1940–ին կազմակերպվեց բարձր–լեռնային բալնեո–ըմպելային առաջին առողջարանը: 1930–ին Երևանում հիմնվեց կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիառաը: 1976–ի տվյալներով ՀՍՍՀ–ում գործում են մեծահասակների` 12, մանկական 10 առողջարան, 6 հանգստյան տուն և 10 պրոֆիլակտորիում:
