Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՐՍԿԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1943

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՐՍԿԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1943, սովետական զինված ուժերի ռազմական գործողությունկերը 1941–1945–ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, հուլիսի 5–ից օգոստոսի 23–ը, Կուրսկի ելուստի շրջանում: Բաժանվում է երկու փուլի, պաշտպանական` հուլիսի 5–23–ը, և հարձակողական` հուլիսի 12–ից օգոստ. 23–ը: Ստալինգրադի ճակատամարտում (տես Ստալինգրադի ճակատամարտ 1942–1943) կորցրած ստրատեգիական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով գերմ. հրամանատարությունը ծրագրեց խոշոր հարձակում 1943–ի ամռանը և Կուրսկի շրջանում կենտրոնացրեց մեծ ուժեր (մոտ 900 հզ. մարդ, մինչև 10 հզ. հրանոթ ու ականանետ, մոտ 2,7 հզ. տանկ և 2 հազարից ավելի ինքնաթիռ): Հարվածային խմբավորումներին թևերից հարում էր ևս 20 դիվիզիա: Օպերացիան ստացավ «Միջնաբերդ» անվանումը: Կուրսկի ելուստը հս–ում պաշտպանում էին Կենտրոնական (հրամանատար` բանակի գեն. Կ. Ռոկոսովսկի), հվ–ում` Վորոնեժի ռազմաճակատի (հրամանատար` բանակի գեն. Ն. Վատուտին) զորքերը, թիկունքում կենտրոնացված էր ստրատեգիական հզոր պահեստը Տափաստանային ռազմաճակատը (հրամանատար` գեն. – գնդապետ Ի. Կոնև): Ռազմաճակատների գործողությունները կոորդինացնում էին ռազմակայանի ներկայացուցիչներ մարշալներ Գ. ժուկովը և Ա. Վասիլևսկին: Կուրսկի ելուստում ստեղծվեց պաշտպանական 8 բնագիծ` 300 կմ խորությամբ: Հուլիսի սկզբին Կենտրոնական և Վորոնեժի ռազմաճակատների զորքերի կազմում կար 1336 հզ. մարդ, մոտ 20 հզ. հրանոթ և ականանետ, 3444 տանկ և ինքնագնաց հրանոթ, 2172-ինքնաթիռ: Սովետական հետախուզության ձեռք բերած անհրաժեշտ տվյալների շնորհիվ հնարավորություն ստեղծվեց նախքան թշնամու հարձակումը անցկացնել հրետանային և ավիացիոն հականախապատրաստություն, որի պատճառով թշնամին արդեն ելման պահին մեծ կորուստներ կրելով` հարձակումն սկսեց 2,5–3 ժամ ուշացումով, հուլիսի 5–ի առավոտյան ժամը 5–ին: Արդեն իսկ առաջին օրը մարտի մեջ մտցվեցին հիմնական ուժերը, որոնք նախատեսված էին «Միջնաբերդ» օպերացիայի համար: Թշնամու դեմ Կենտրոնական ռազմաճակատի գծում մարտնչում էին 13–րդ բանակի զորքերը, որոնք իրենց վրա վերցրին Օլխովատկայի ուղղությամբ զլխավոր հարվածը: Հաջողության չհասնելով, թշնամին հարվածն ուղղեց Պոնիրիի ուղղությամբ, սակայն դարձյալ չկարողացավ ճեղքել սովետական զորքերի պաշտպանությունը: Հուլիսի 10–ից թշնամու հարձակողական հնարավորությունները սպառվեցին: Հուլիսի 12–ին Պրոխորովկայի շրջանում տանկային թեժ մարտ տեղի ունեցավ, որին երկու կողմից մասնակցում էին 1500 տանկ ու ինքնագնաց հրանոթ և ավիացիայի մեծ ուժեր Հուլիսի 16–ից հակառակորդը սկսեց հեռացնել իր ուժերը այդ շրջանից: «Միջնաբերդ» օպերացիան ձախողվեց, թշնամուն չհաջողվեց պատերազմի ընթացքը փոխել իր օգտին: Սովետական զորքերը (Արևմտյան և Բրյանսկի ռազմաճակատների) հարձակման անցան Օրյոլի շրջանում և նպաստավոր պայմաններ ստեղծեցին Կենտրոնական ռազմաճակատի հակահարձակման համար: Հուլիսի 29–ին ազատագրվեց Բոլխովը, օգոստ. 5–ին` Օրյոլը և Բելգորոդը: Այդ օրը Մոսկվայում առաջին անգամ տրվեց հրետանային սալյուտ: Սկսվեց սովետական զորքերի ընդհանուր հակահարձակումը: Օգոստ. 23–ին ազատագրվեց Խարկովը: Սովետական զորքերը հնարավորություն ստացան ազատագրելու Ձախափնյա Ուկրաինան և դուրս գալու Դնեպր գետը: Կուրսկի 50–օրյա ճակատամարտում ջախջախվեց թշնամու 30 դիվիզիա (այդ թվում` 7 տանկային): Սովետական ռազմաօդային ուժերը վերջնականապես գերակշռություն ձեռք բերեցին: Ճակատամարտի հաջողությանը մեծապես նպաստեցին պարտիզանները: Կ. ճ–ում սովետական բանակը խափանեց գերմ. վերջին խոշոր հարձակումը և վերջնականապես ամրապնդեց իր ստրատեգիական նախաձեռնությունը: Գերմ. բանակը ստիպված ամբողջ ճակատով անցավ պաշտպանության: Կ. ճ. սովետական ռազմ. արվեստի հաղթանակն էր: Կ. ճ–ին մասնակցեցին Հ. Բաղրամյանի (Արևմտյան և Բրյանսկի ռազմաճակատների 11–րդ գվարդիական բանակի հրամանատար), Ս. Գալաջևի (Արևմտյան ռազմաճակատի քաղվարչության պետ), Հ. Թումանյանի (Արևմտյան ռազմաճակատի 12–րդ բանակի ռազմ, խորհրդի անդամ), Ս. Մարտիրոսյանի (Վորոնեժի ռազմաճակատի 28–րդ բանակի 50–րդ կորպուսի հրամանատար), Հ. Բաբաջանյանի (Արևմտյան ռազմաճակատի 5–րդ տանկային բանակի մոտոմեքենայացված բրիգադի հրամանատար), U. Ղազարյանի (Արևմտյան ռազմաճակատի 38–րդ բանակի 74–րդ դիվիզիայի հրամանատար) գլխավորությամբ գործող զորամասերը և հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ` տարբեր միավորումներում:

Գրկ. Հայ ժողովրդի պատմություն, հ. 8, Ե., 1970: Битва на Курской дуге, М., 1975 История второй мировой войны, 1939–45, т. 7, М., 1976. Ս. Մարտիրոսյան: