Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՐՏԻԿՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՄԻՀՐԱՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՐՏԻԿՅԱՆ Ստեփան Միհրանի (ծն. 1908, ք. Բուրսա, Թուրքիա), հայ սովետական գրող, գրաքննադատ, հրապարակագիր: 1926–28–ին` Հունաստանի կոմկուսի անդամ: ՍՄԿԿ անդամ 1929–ից: ՀՍՄՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1975): Ավարտել է ծննդավայրի Գեորգյան վարժարանը, սովորել Սալոնիկի (Հունաստան) ամերիկյան «Անաթոլիա» կոլեջում (1923–24): 1926–27–ին Սալոնիկում խմբագրել է «Աշխատանք» կոմունիստական թերթը: Ընդհատակում շարել և լույս է ընծայել Վ. Ի. Լենինի ճառը կոմերիտմիության անելիքների մասին, ինչպես նաև «Նոյեմբերի 7–29» գրքույկը: 1927–ի վերջերին Հունաստանից եկել է Սովետական Հայաստան` սովորելու: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական և օտար լեզուների ինստ–ները: 1930–32–ին խմբագրել է «Ավանգարդ» թերթը և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագիրը, 1933–ին` «Բանվորական Երևան» օրաթերթը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է Ղրիմի և Անդրկովկասի զինվորական թերթերի, նաև «Սովետական Հայաստան» օրաթերթի և ՀՀԳ–ի (այժմ` Արմենպրես) ռազմաճակատային թղթակիցը: 1962–ից «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրն է: Հրատարակել է «Լեռնաշխարհի դուստրը» (1947), «Հետախույզներ» (1950), «Հայրենի լեգենդներ» (1957), «Երևան» (1960), «Անդալուզյան լեռներում» (1966), «Կոմիտասյան ղողանջներ» (1969), «Լուսաշխարհ հանիմ գիմ գութան» (1974) գրքերը: «Եղեռնապատում» շարքը 1965–ին արժանացել է Թեքեյան մշակութային միության (Բեյրութ) առաջին կարգի մրցանակին: