ՀՍՀ/ԿՈՒՐ–ԱՐԱՔՍՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐ
ԿՈՒՐ–ԱՐԱՔՍՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐ, դաշտավայր արևելյան Անդրկովկասում, Ադրբեջանական ՍՍՀ–ում: Գտնվում է Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքում, Մեծ Կովկասի և Փոքր Կովկասի միջև, արլ–ից ողողվում է Կասպից ծովով: Երկարությունը 250 կմ է, լայնությունը` 150 կմ: Ալյուվիալ–ակումուլյատիվ հարթավայր է` մինչև 200 մ բարձրությամբ, կենտրոնական և արլ. մասերում ծովի մակարդակից ցածր: Ռելիեֆը բարդացած է գետաբերուկներով, բաշերով, իջվածքներով, ցեխաբուխներով: Հարուստ է նավթով: Կլիման չոր ցամաքային է` շոգ ամառով, չափավոր ցուրտ ձմեռով: Հուլիսի միջին ջերմաստիճանը 25–28 С է, հունվարինը` 1,3–3,6°C, տեղումները` 200–400 մմ: Գերակշռում են չոր մերձարևադարձերի կիսաանապատային լանդշաֆտները: Մոխրագույն և մոխրագորշ, հաճախ աղակալված հողերում աճում է օշինդրային և օշինդրաաղուտային բուսականություն, մուգ մոխրագորշ հողերում` խոտաօշինդրային, կծմախոտային ասոցիացիաներ: Արլ–ում տարածված են աղուտներ և ճահիճներ, գետահովիտներում` ուռենի, բարդի, թեղի: Մշակում են բամբակենի, խաղող և պտղատու այգիներ, կան ձմեռային արոտավայրեր:
