Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՐ–ԱՐԱՔՍՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՐ–ԱՐԱՔՍՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, Հայկական լեռնաշխարհում և հարևան երկրամասերում մ. թ. ա. III հազարամյակում տարածված հնագիտական մշակույթի պայմանական անվանումը: Հայտնի է նաև «Վաղ արևելաանատոլիական», «վաղ անդրկովկասյան», «Կարմրասև կոկված խեցեղենի» և այլ անվանումներով: Կ–Ա. մ–ին հատուկ առաջին նյութերը հայտնաբերվել են 1869–ին, Զագլիկում (Գանձակի մոտ) և 1879–ին, Արմավիրում (Հոկտեմբերյանի շրջան): Կ–Ա. մ. առաջին անգամ բնութագրվել է Բ. Ա. Կուֆտինի աշխատություններում: Կ–Ա. մ–ի ուսումնասիրությունը ինչպես ՍՍՀՄ–ում, այնպես էլ Իրանում, Թուրքիայում և Սիբիրում, լայն ծավալ է ստացել վերջին 20 տարում: Պեղումներով հետազոտված Կ–Ա մ–ի կարևորագույն հուշարձաններն են. ՀՍՍՀ–ում` Մոխրաբլուրը (Էջմիածնի մոտ), Ջրահովիտը, Շենգավիթը, Հառիճը, Արևմտյան Հայաստանում` Կարազը, Փուլուրը, Քորուչութեփեն, Վրաց. ՍՍՀ–ում` Կվացխելեբին, Ամիրանիսգորան, Խիզանահատգորան, Ադրբ. ՍՍՀ–ում` Քյուլթափա I (Նախիջևանի մոտ): Կ–Ա. մ–ի ազդեցության ոլորտները տարածվում են Հյուսիսային Կովկասում, Սիրիայում և Պաղեստինում: Կ–Ա. մ–ի ծագումը քիչ է լուսաբանված: Եղած տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ նախնական տարրերը ձևավորվել են մ. թ. ա. IV հազարամյակի վերջին քառորդում, իսկ զարգացման հիմնական օջախները եղել են Արաքս գետին հարող երկրամասերը (հատկապես` Արարատյան դաշտի): Կ–Ա. մ–ին յուրահատուկ են փայլեցված սև մակերեսով, վարդագույն, դարչնագույն կամ գորշ աստառով, գնդաձև կանթերով խեցեղենը և օջախի պայտաձև կավե հենակները: Տիպաբանական այս տարրերը ընդհանուր են շատ լայն տարածքի համար: Կ–Ա. մ. ունեցել է զարգացման երկու հիմնական շրջան, որոնցից առաջինը տևել է մինչև մ. թ. ա. 2600–2400–ը: Հայկական լեռնաշխարհում Կ–Ա. մ–ի մի վաղ փուլը իր զարգացման գագաթնակետին է հասել մ. թ. ա. IV հազարամյակի վերջին և IIl–ի 1–ին կեսին: Կ–Ա. մ–ի տնտեսությունը հիմնվել է ոռոգովի հողագործության և անասնապահության վրա: Բնակավայրերը կենտրոնացվել են գետափնյա շրջաններում: Մ. թ. ա. 111 հազարամյակի կեսին մետաղագործությունն ու առևտրի առանձին ճյուղեր անջատվեցին երկրագործությունից, և Կ–Ա. մ–ի տարածման սահմաններում ձևավորվեցին վաղ քաղաքային մշակույթի տարրեր: Պեղումների ընթացքում Մոխրաբլուրի կենտրոնում բացվեց մ. թ. ա. 111 հազարամյակի 1 կեսին պատկանող տաճար, բնակավայրը շրջափակող հզոր պարիսպ և ջրամատակարարման բարդ կառույց: Մ. թ. ա. 2600–2400–ին Կ–Ա. մ–ի տարածման սկզբնական ոլորտից` Հայկական լեռնաշխարհից աստիճանաբար թափանցել է հարևան երկրամասեր, որտեղ այն չի կապվում մշակութային նախորդ շերտերի հետ: Զարգացման երկրորդ շրջանում (սկսած մ. թ. ա. XXVI –XXIV դդ.) Կ–Ա. մ–ի տարածման ոլորտը նորից սահմանափակվել է Հայկական լեռնաշխարհում և Կովկասում: Զգալիորեն փոփոխվել են տնտեսության ձևերը: Քաղաքակրթության զարգացման հիմնական օջախները դաշտավայրերից տեղափոխվել են նախալեռնային գոտի: Այս ժամանակաշրջանից մեզ հասել են առանձին հարուստ դամբարաններ, մեծ քանակությամբ մետաղե զենքեր, կիկլոպյան ամրոցներ, որոնք վկայում են տոհմիկ ավագանու ձևավորումն ու տոհմատիրական կարգերի քայքայումը: Մ. թ. ա. մոտ 2100–1900–ին Կ–Ա. մ–ին փոխարինել է միջին բրոնզեդարյան մշակույթը:

Գրկ. Խանզադյան Է. Վ., Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ. թ. ա. III հազարամյակում, Ե., 1967: Куфтин Б.А., Урартский «Колумбарий» у подошви Арарата и куро–араксский энеолит, «Вестник Гос. музея Грузии», 1944, т.13 – в Мартиросян А. А., Армения в эпоху бронзы и раннего железа, Е., 1964 Мунчаев Р.М., Кавказ на заре бронзового века, М.,1975.

Գ. Արեշյան