Jump to content

ՀՍՀ/ԿՈՒՔԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒՔԻ, գյուղ Սյունիք նահանգի Շահապունիք գավառում (այժմ` Նախիջևանի ԻՍՍՀ Շահբուզի շրջանում): Պատմական աղբյուրներում հիշատակվում է XIII դարից: Եղել է Շահապունիքի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոնը (այստեղ գրված բազմաթիվ ձեռագրերից մի քանիսը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում են): Կ–ում եղել են Ս. Նշան վանքը (XIII դ.), Ս. Հազարաղբյուրացս, Կաթողիկե, Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Աստվածածին և Ս. Վարդան եկեղեցիները: Պահպանվել են միայն Ս. Նշան վանքի ավերակները, որի եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռաբսիդ, չորս անկյուններում ուղղանկյուն ավանդատներով, գմբեթավոր փոքր կառույց է: Միակ մուտքը արմ–ից է և բացվում է դեպի կից, երկու զույգ որմնամույթերով, թաղածածկ գավիթը (XIV դ.): Արմ. ավանդատների մուտքը գավթից է: Եկեղեցուց հս–արմ. կա մի թաղածածկ շինություն (XIII դ.), որը հավանաբար եղել է վանքի գրատունը:

Գրկ. Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք Հայոց պատմության մեջ, մաս 3, Նյու Յորք, 1942–43: Այվազյան Ա., Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Ե., 1978, էջ 60–70: U. Այվազյան