ՀՍՀ/ԿՐԱԿԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԱԿԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, կրակի՝ իբրև «գերբնական» տարերքի երկրպագում, աստվածացում: Ծագել է հնագույն ժամանակներում՝ կրակի, երկնային շանթի, հրաբուխների, հրդեհների հանդեպ նախնադարյան մարդու երկյուղի, նրա կյանքում կրակի ունեցած վիթխարի նշանակության, ինչպես նաև կրակի ստացման ու պահպանման դժվարությունների ազդեցությամբ: Այստեղից էլ առաջացել են տան օջախի պաշտամունքը, կրակն ապականելու արգելքները: Կ. սերտորեն խարսխվել է արևի (որպես հրո և լույսի գերագույն աղբյուր) պաշտամունքին: Կ. և արևապաշտությունը անհիշելի ժամանակներից տարածված ու արմատավորված են եղել Հայաստանում: Ըաո Մովսես Խորենացու, սրբազան «արամազդական հուրը» («արեգակնային կրակը») անշեջ պահվում էր Հայոց ամենադից մեհյանում՝ Բագավտնում: Հին հայերը հուրն ու ջուրը, երկնային շանթն ու անձրևը պաշտել են համատեղ՝ որպես «քույր ու եղբայր»՝ դրանց վերագրելով մաքրագործող սրբազան նշանակություն (մաքրագործական ծէս է Տյառնընդառաջի տոնին խարույկի շուրջը պտտվելը, կրակի վրայով թռչելը են): Պլինիոսը վկայում է, որ Հայոց Տրդատ և արքան, մ. թ. 65-ին Հռոմ մեկնելիս, հրապաշտ և ջրապաշտ մոգերի օրենքով հրաժարվեց նավարկելուց և անթույլատրելի համարելով ջրում թքելն ու ծովն ապականելը՝ նախընտրեց ցամաքային ուղին: Հին պատմագիրներից ոմանք Եդեսիա քաղաքի Ուր կամ Ուրհա անվանումները մեկնաբանում են որպես հուր: Հին հրեաները Թալմուդում գրում են, որ իրենց ավանդական նախահայր Աբրահամին Նեբրովթը ողջակիզել է այդ քաղաքում, որն այնուհետ կոչվել է Ուր կամ Հուր (եբր. նշանակում է հուր, կրակ): Հին հուն, դիցաբանության մեջ կրակի հովանի աստվածը համարվում է Հեփեստոսը, հռոմեականում՝ Վեստան: Պլուտարքոսը վկայում է, որ Վեստայի գլխավոր մեհյանը կառուցված էր Հռոմում՝ երկրագնդի նմանությամբ (բոլորակաձև), որի մեջ զետեղված էր «մշտավառ հուրը»՝ ի նշան «արեգակնային հրո»: Վեստայի մեհյանը սպասարկել և կրակն անշեջ պահել են կույս քրմուհիները՝ վեստալուհիները: Կ. հատուկ նշանակություն է ստացել զրադաշտականության մեջ: Քրիստոնեության մեջ Կ. պահպանվել է ծիսական մոմերի ձևով, ինչպես նաև ղժոխքի «գեհենի կրակի» մասին հավատքում:
Գրկ. Ալիշան Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց, Վնտ., 1895: Մ. Կատվայյան
