ՀՍՀ/ԿՐԱԿՈՎԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԱԿՈՎԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ստեղծվել է 1815-ին՝ 1814—15-ի վիեննայի կոնգրեսի որոշմամբ: Կ. հ-յան (մոտ 1 հգ. կմ² տարածք և 96 հզ. բնակիչ) կազմի մեջ, բացի Կրակովից, մտնում էին 3 գյուղաքաղաք և 244 գյուղ: Կ. հ-յան անկախությունը երևութական էր, քանի որ «հովանավոր» պետությունների՝ Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի կազմած սահմանադրության (որն ամրապնդում էր կալվածատերերի և խոշոր առևտրականների տիրապետությունը) գործողությունը սահմանափակվում էր «հովանավոր» պետությունների ռեզիդենտների իշխանությամբ: Կ. հ. դարձավ լեհ վտարանդի ապստամբների և հայրենասիրական գաղտնի կազմակերպությունների կենտրոն, որը պատրվակ ծառայեց, որպեսզի 1836—41-ին ավստր. զորքերը գրավեն Կ. հ.: Կրակովյան ապստամբության (տես կրակովի ապստամբություն. 1846) ճնշումից հետո Կ. հ. վերացվեց, և նրա տերիտորիան միացվեց Ավստրիային:
