ՀՍՀ/ԿՐԱՍՆՈՍԵԼՍԿ
ԿՐԱՍՆՈՍԵԼՍԿ (ն. Միխայլովկա, 1920-ից՝ Կարմիր գյուղ, 1972-ից՝ Կրասնոսելսկ), քաղաքատիպ ավան Հայկական ՍՍՀ-ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Արեգունի և Միափորի լեռնաշղթաների միջև, Գետիկի հովտում: Կ-ի միջով է հոսում Գետիկ գետը: Ունի կարտոֆիլամշակման և կաթնանասնապահական 2 սովետական տնտեսություն և խոշոր եղջերավոր անասունների մատղաշների ինտենսիվ աճեցման միջտնտեսային կոոպերատիվ ձեռնարկություն: Սովետական տնտեսությունները զբաղվում են նաև հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությամբ: Արդ. ձեռնարկություններից են պանրի գլխամասային և հացի գործարանները, և տեղական արդ. այլ ձեռնարկություններ: Գործում են «Հայ գյուղտեխնիկա»ի շրջանային միավորումը, ավտո-սպասարկման և կենցաղսպասարկման ձեռնարկությունները: Ունի 3 միջնակարգ, մեկ ութամյա, երաժշտական, նկարչական, սպորտդպրոցներ, պրոֆտեխ. ուսումնարան, 4 մսուր և մանկապարտեզ, կինոթատրոն, կուլտուրայի պալատ, 2 գրադարան, հիվանդանոց, կապի 3 բաժանմունք: Կ-ում է գտնվում Բորյան եղբայրների տուն-թանգարանը: Կ. հիմնադրել են Սամարայի և Սարատովի նահանգներից եկած ռուսները, 1835—40-ին:
