ՀՍՀ/ԿՐԵՏԻՆԻԶՄ
ԿՐԵՏԻՆԻԶՄ (ֆրանս. cretinisme,cretin—կրետին, ապուշ, տկարամիտ, թուլամիտ), հիվանդություն, որն առաջանում է վահանագեղձի գործունեության խանգարումից և բնորոշվում է ֆիզիկական ու հոգեկան (մտավոր) զարգացման կասեցմամբ: Կ-ի պատճառները կապված են հողում և ջրում յոդի բնական (էկզոգեն) պակասության կամ էնդոգեն անբավարարության հետ: Հիվանդությունն արտահայտվում է մարդկանց ու կենդանիների վահանագեղձի չափերի մեծացումով (տես խպիպ): Հաճախ տարածված է լեռնային վայրերում. Ալպեր և Պիրենեյներ (Եվրոպա), Հիմալայներ (Ասիա), Կորդիլիերաննր (Հարավային Ամերիկա): Կ-ով տառապողների մարմնակազմվածքն անհամաչափ է, վերջույթները կարճ են, ոտքերը ծուռ, դաստակները լայն, մատները կարճ, դեմքը փքված, ճակատը նեղ, քիթը թամբաձև, ակնախոռոչները խոր, ականջները մեծ: Լեզուն լայն է և բերանում չի տեղավորվում, ատամները քիչ են: Մաշկը գունատ է, չոր, մազածածկույթն աղքատ: Հաճախակի լինում են աճուկային ու պորտային ճողվածքներ: Սեռական օրգաններր, ինչպես նաև երկրորդային սեռական հատկանիշները թերզարգացած են, նյութափոխանակությունը՝ խանգարված, լսողությունը՝ թույլ: Հիվանդները դանդաղաշարժ են, քնկոտ, որևէ աշխատանք կատարելու անընդունակ: Խանգարված է նաև խոսակցական ակտը: Բուժումը. վահանագեղձի անբավարարությունը կոմպենսացնող պատրաստուկներ՝ թիրեիդին կամ տրիյոդ թիրոզին: Կանխարգելումը. Ջրի և սննդի յոդացում:
