ՀՍՀ/ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, համակարգված գիտելիքների, ունակությունների ու հմտությունների յուրացման ընթացքը և արդյունքը: Կ-յան ընթացքում տեղի է ունենում մարդկության մշակած հոգևոր հարստության յուրացում և փոխանցում սերնդից սերունդ: Կ. կյանքին ու աշխատանքի պատրաստվելու անհրաժեշտ պայման է, մշակույթին հաղորդակցվելու ու տիրապետելու հիմնական միջոցը, մշակույթի զարգացման հիմքը, Կ. ստանալու հիմնական ուղին ուսուցումն է տարբեր ուս. հաստատություններում, էական դեր է կատարում ինքնակրթությունը, կուլտուր-լուսավորական աշխատանքը, հասարակական-աշխատանքային գործունեությունը: Կ-յան բովանդակությունը, նրա մակարդակը որոշվում են հասարակական արտադրության պահանջներով, պայմանավորվում հասարակական հարաբերություններով, գիտության, տեխնիկայի, մշակույթի, ինչպես նաև դպրոցական գործի և մանկավարժական գիտության զարգացման աստիճանով: Կ. լինում է ընդհանուրևմասնագիտական: Ընդհանուր Կ. մասնագիտական կ-յան անհրաժեշտ հիմքն է: Իր մակարդակով մասնագիտական Կ. բաժանվում է բարձրագույն կրթության, միջնակարգ մասնագիտական կրթության, պրոֆ-տեխնիկական կրթության: ՍՍՀՄ-ում և սոցիալիստական մյուս երկրներում կ-յան իրավունքը սոցիալիստական դեմոկրատիայի՝ սահմանադրությամբ հաստատված՝ կարևորագույն դրսևորումներից է, այն փաստորեն ապահովվում է բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուս, հաստատությունների, դպրոցական ցանցի լայն զարգացմամբ: Կ-յան պատմա-դասա-կարգային բնույթը դրսևորվում է ոչ միայն ժող. կրթության համակարգերի կառուցման սկզբունքներում, այլ նաև ծրագրերի, դասագրքերի, դասավանդման ողջ պրակտիկայի գաղափարական ուղղվածության մեջ: Կ-յան բովանդակության հետ սերտորեն կապվում են ուսուցումը, դաստիարակությունը, անձի ձևավորումը: Տես նաև Միջնակարգ կրթություն, Բարձրագույն կրթություն, Ժողովրդական կրթություն, Ընդհանուր ուսուցում, Պրոֆ տեխնիկական կրթություն, Պոլիտեխնիկական կրթություն, Մասնագիտական կրթություն:
