Jump to content

ՀՍՀ/ԿՐԻԱՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐԻԱՆԵՐ (Chelonia կամ Testudin.es), սողունների կարգ: Մարմինն ամփոփված է ոսկրային զրահում, որը կազմված է մեջքային ոսկրային մասից՝ կարապաքսից, և փորային մասից՝ պլաստրոնից: Զրահը արտաքինից պատված է եղջերային վահանիկներով և առջևից ու ետևից ունի անցքեր, որտեղից կենդանին դուրս է հանում գլուխը, պոչը և վերջավորությունները: Ցամաքային տեսակների զրահը բարձր է, ուռուցիկ, ծովային ձևերինը՝ շրջհոսուն: Ատամներ չունեն, փոխարենը եղջրային եզրերն են: Պարանոցը երկար է, գլուխր՝ շարժուն: Իրանային մասի մկանները թույլ են զարգացած, իսկ պարանոցի, վերջավորությունների և պոչի մկանները հզոր են: Շնչառության ժամանակ թոքերի մեջ օդը մտնում է ենթալեզվային ապարատի տատանումների, ինչպես նաև վերջավորությունները զրահից դուրս հանելու ու ներս քաշելու շնորհիվ: Աչքերը լավ են զարգացած, լսողության օրգանները թույլ են: Բազմանում են ձվա-դրությամբ, էգը դնում է 2—400 ձու: Երկարակյաց են, ապրում են մինչև 300 տարի: Ցամաքային տեսակները սնվում են բուսական կերով, ջրայինները՝ կենդանական (ձկներ, երկկենցաղներ, խեցգետնակերպեր ևն): Ցամաքային Կ-ի վերջավորությունները սյունաձև են, ջրային տեսակների մատների միջև կան մաշկային ծալքեր (լողաթաղանթներ), իսկ ծովային ձևերի մատները ձուլվել են իրար, և վերջավորությունները լաստեր են դարձել: Տարածված են ամենուրեք, բացի Անտարկտիդայից: Հայտնի է ավելի քան 250 տեսակ, որից 7-ը՝ ՍՍՀՄ-ում, 3-ը՝ միջերկրածովյան (Testudo graeca), կասպիական (Clemys caspica) և ճահճային Կ. (Emys orbicularis)՝ նաև ՀՍՍՀ-ում: Որոշ տեսակներ արդյունագործական նշանակություն ունեն, որոշները վնաս են հասցնում ձկնաբուծությանը:

Ֆ. Դանիելյան