ՀՍՀ/ԿՐԿՆԱԿԻ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄ
ԿՐԿՆԱԿԻ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄ, ծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը: Բացահայտել է ռուս գիտնական Ս. Նավաշինը (1898-ին), բույսերի 2 տեսակի՝ շուշանի (Lilium martagon) և արքայապսակի (Fritillaria orientalis) վրա կատարած հետազոտությունների ժամանակ: Սաղմնային պարկը 8-կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բելառուս՝ 4-ական: Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ: Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են: Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ: Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ: Միկրոպիլային անցքով մտնելով փոշեհատիկի մեջ, փոշեհատիկային խողովակի ծայրը պատռվում է, 2 գեներատիվ կորիզներն ընկնում են սաղմնային պարկ: Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ գիգոտ, որն աճելով դառնում է սերմ: Գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ, և էնդոսպերմի կորիզն է գոյանում, որն ունի քրոմոսոմների եռակի հավաք: Բեղմնավորումից հետո զիգոտը բազմաթիվ անգամ բաժանվելով առաջացնում է սաղմը: Ըստ իգական և արական կորիզների միաձուլման եղանակի, տարբերում են Կ. բ-ման 2 տիպ. նախամիտոտ ի կ, երբ սպերմի կորիզը ընկղմվում է իգական ձվաբջջի կորիզի մեջ, քրոմոսոմները ենթարկվում են ապագալարացման: Երկու կորիզների քրոմոսոմները միանում են ինտերֆազում (գիգոտում): Ետմիտոտիկ՝ իգական և արական կորիզները պահպանում են իրենց թաղանթները, և միաձուլումն սկսվում է պրոֆազի վերջում: Արական և իգական քրոմոսոմային հավաք ունեցող ինտերֆազ կորիզներն առաջանում են միայն գիգոտի առաջին միտոտիկ բաժանումից հետո (տես Միտոզ): Կ. բ. ունի կենսաբանական կարևոր նշանակություն, այն զարգացող սաղմին ապահովում է սնունդով մայրական և հայրական տարրերի հաշվին, և սաղմի զարգացումն ընթանում է կրկնակի ժառանգական ազդեցության ներքո:
