Jump to content

ՀՍՀ/Հ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հ, հայերեն այբուբենի տասնվեցերորդ տառը: Անունն է հո: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով: Կենտրոնում գտնվում է երկարը, վերին աջ կողմից իջնում է կարճը, իսկ ստորին ձախ կողմից` լայնը: Սրանք նուրբերով միանում են երկարին, իսկ վերջինս թեքվում է դեպի աջ` տողաշարում զբաղեցնելով քիչ տեղ և դառնալով ավելի հավաք: Դյուրագծության նպատակով կարճը հաճախ բարձրանում է տողագծից վեր և երկարին է միանում իր ստորին ծայրով («Վեհամոր Ավետարան»): Հետագայում լայնը կորցնում է իր նուրբը և միանում երկարին` ստորին ծայրից, որպես նրա շարունակություն: Սակայն որոշ գրիչների մոտ լայնն է ընկնում, և նուրբը, իջնելով տողին ուղղահայաց, կազմում է երկարի շարունակությունը: Գրչագիր և երկաթագիր Հ միշտ գրվում է երկու տողերի միջև, միայն ստորին լայնը կամ նուրբը իջնում է տողից ցած, իսկ կարճը, երբ վայրահակ չէ, մնում է տողից վեր: Այդպես են գրվում նաև գլխագիրն ու զարդագիրը: Բոլորգիր Հ առաջացել է նախնական ձևից: Բոլորգրից առաջացել է շղագիրը, ինչպես նաև մեծատառ շղագիրը: Նոտրգրաթյան մեջ օգտագործվում են բոլորգիր և շղագիր տառաձևերը: Վիմագրություններում երբեմն տառը շատ է պարզեցված: Հ նշանագրում է ժամանակակից գրական հայերենի կոկորդային, պարզ, շփական, խուլ, բաղաձայն հնչույթը: Գրաբարում հ հաճախ (մեծ մասամբ բառասկզբում ձայնավորից առաջ) գրվել է յ տառով (յիսուն), իսկ երբեմն, ըստ գրչի նախասիրության, նույն հնչույթը միևնույն բառում արտահայտվել է և հ, և յ տառերով (հովատակ–յովատակ): Ժամանակակից գրական արևմտահայերենը պահել է հ հնչույթի գրության գրաբարյան կանոնները: Բարբառների մեծ մասում հ, որպես կանոն, փոխվում է խ–ի (հաց–խաց): Որպես տասնավորների յոթերորդ տառ Հ նշանակել է յոթանասուն և յոթանասուներորդ, բյուրի նշանով (Հ)` յոթանասուն բյուր (700000): Արաբական թվանշանների ընդունումից հետո օգտագործվել է որպես քանակական և դասական թվական: Այժմ օգտագործվում է միայն որպես դասական թվական (Գլուխ Հ գլուխ յոթանասուներորդ): Ա. Մաթևոսյան