ՀՍՀ/ՀԱԱԳԱ
ՀԱԱԳԱ (s–Gravenhage, բառացի` կոմսական ցանկապատ), քաղաք Նիդերլանդներում, արքունիքի ու կառավարության նստավայրը: Հարավային Հոլանդիայի վարչական կենտրոնն է: 673 հզ. բն. (արվարձաններով, 1978): Տրանսպորտային հանգույց է: Ջրանցքներով, երկաթուղով և ավտոճանապարհով կապված է Ռոտերդամի, Ամստերդամի և այլ քաղաքների հետ: Տնտ. կարևոր կենտրոն է: Հ–ում են կենտրոնացած առևտրական և արդ. շատ ֆիրմաների վարչություններ, սպասարկման ոլորտի հիմնարկներ, ռադիո– և հեռուստաապարատների, էլեկտրոնային սարքավորումների, հեռախոսային և հեռագրաապարատների արդ. ձեռնարկություններ, Էյպենբուրգ արվարձանում` ավիացիոն գործարաններ: Զարգացած է սննդի և թեթև արդյունաբերությունը: Կան գիտական ընկերություններ, գրադարան, գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիա, թանգարաններ: Հ. միջազգային դատարանի նստավայրն է:
Պատմական տեղեկանք: Սկզբնաղբյուրներում Հ. առաջին անգամ հիշատակվում է 1097–ին: XVI դ. վերջից `Հ. Հոլանդիայի գլխավորշտատների նիստերի վայրն էր: XIX դ. սկգբին ստացել է քաղաքի ստատուս: XVII դ. 2–րդ կեսից Հ. միջազգային բազմաթիվ համաժողովների նստավայր է: 1872–ին այստեղ կայացել է 1 Ինտերնացիոնալ կոնգրեսը: 1940-ից մինչև 1945–ի մայիսը քաղաքը օկուպացրել են գերմանա–ֆաշիստական զորքերը:
Ճարտարապետությունը: Հ–ի փողոցների ուղղանկյուն ցանցը լրացվել է առավել ազատ հատակագծված նոր շրջաններով (1908–09, ճարտ. Հ. Պ. Բեռլագե, 1935, ճարտ. Վ. Մ. Դյույոկ), որոնք կառուցապատվել են հիմնականում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հ–ի կենտրոնում են «Ներքին բակ» պալատային անսամբլը (XIII – XVII դդ., գոթական ոճով Ասպետների դահլիճը, մոտ 1280), կլասիցիստական Մաուրիցիյոյս պալատը (1633–35). Սինտ–Յակոբսկերկ եկեղեցին (XIV–XVI դդ.), Հին ռատուշան (1564–65), Թագավորական գրադարանը (1734–36) ևն: XX դ. կառույցներից են` Քաղաքապետարանային թանգարանը (1916–35, ճարտ. Հ. Պ. Բեռլագե), «Վոլհարդինգ» (1928, ճարտ. Յա. Բյոյս) և «Շելլ–Նեդերլանդ» (1938–42, ճարտ. Յա, Յո. Պ. Աուդ) վարչական շենքերը, և ամերիկյան դեսպանատունը (1959, ճարտ–ներ` Մ. Բրյոյեր, Ա. Էլգաս):
