Jump to content

ՀՍՀ/ՀԱԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԶ, ռեֆլեկտոր ակտ, ծագում է շնչառական ուղիների լորձաթաղանթը բորբոքային պրոցեսների ժամանակ առաջացած ախտաբանական նյութերով (օրինակ, խորխ) կամ օտար մարմիններով գրգռվելիս: Շնչառական օրգանների (կոկորդ, շնչափող, բրոնխներ, թոքային հյուսվածք) հիվանդությունների հիմնական ախտանշաններից է: Երբեմն կարող է առաջանալ նաև գլխուղեղի Հ–ի կենտրոնի գրգռումից, այսպես կոչված` նյարդային Հ., նկատվում է հուզումների, վախի դեպքում: Տարբերում են չոր Հ. (առանց խորխի արտադրության և արտազատման) և թաց Հ. (ուղեկցվում է խորխարտադրությամբ): Հ. սկսվում է խոր շնչառումով, որին հետևում են բրոնխպյին և շնչառական ամբողջ մկանունքի լարվածությունը և բարձր ձայնով արտաշնչումը: Այս դեպքում ձայնաճեղքը փակվում է, և ներկրծքային ճնշումը բարձրանում: Ձայնաճեղքը բացվելիս շնչառական ուղիներից օդն ուժգնորեն դուրս է գալիս` իր հետ տանելով բրոնխներում և թոքային ալվեոլներում կուտակված խորխը և փոշու մասնիկները: Երկարատև և հաճախակի Հ., որն առաջանում է թոքերի, լյարդի և այլ օրգանների ախտահարումից, օրգանիզմի վրա թողնում է վնասակար ազդեցություն, ներկրծքային և ներբրոնխային ճնշման սիստեմատիկ բարձրացումը հանգեցնում է թոքերի էմֆիզեմայի, դժվարացնում երակներից արյան հոսքը դեպի սիրտ, որը կարող է առաջացնել սիրտ–անոթային անբավարարություն:

Բուժումը. հիմնական պատճառի վերացում: Թաց Հ–ի դեպքում` խորխաբեր միջոցներ, չոր, տանջալից Հ–ի դեպքում` Հ–ի կենտրոնը ընկճող միջոցներ: