ՀՍՀ/ՀԱԶԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԶԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, արքունի գործակալություն միջնադարյան Հայաստանում: Հայոց Արշակունիների ժամանակ (I–V դդ.) հիմնականում ժառանգաբար վարել են Ամատունի նախարարական տոհմի իշխանները: Հ–յան գործակալը` հազարապետը, սահմանել և իրեն ենթակա պաշտոնյաների միջոցով գանձել է պետ. հարկերը, հսկել ճանապարհների, ջրանցքների կառուցման, անտառապատման և համապետական նշանակություն ունեցող հասարակական այլ աշխատանքներ: Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո Մեծ Հայքի Հ–յան գործակալը (հաստատել է Սասանյան արքունիքը) միաժամանակ եղել է Հայոց իշխանաց իշխանը, որին Ստեփանոս Տարոնացին (Ասողիկ) անվանում է նաև մարզպան:
