ՀՍՀ/ՀԱԹԵՐՔ ԳԱՎԱՌ
ՀԱԹԵՐՔ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում` միջնադարյան Խաչենի իշխանության կենտրոնական մասում: Տարածվել է Տրտու (Թարթառ) գետի հովտում, ընդգրկելով ձախափնյակը` Եղիշե առաքյալի կամ Ջրվշտիկ վանքի մերձակայքից մինչև հոգևոր կենտրոն Դադիվանքի արմ. կողմի ձորը: Կոչվել է իշխանանիստ` Հաթերք բերդավանի անունով: XII–XIII դդ. Հ. եղել է Կենտրոնական Խաչենի իշխանության տիրույթը: XII դ. 1–ին կեսին երեք ճյուղի բաժանված Խաչենի իշխանության գահերեց Հասան Ա մոտ 1142–ին հաջորդելով հորը` Վախթանգ–Սակառին, հաջողությամբ պայքարել է Հայաստանի հս–արլ. նահանգներն ասպատակող սելջուկյան թուրքերի դեմ և պահպանել անկախությունը: 1182–ին Հասանը, իշխանական գահը հանձնելով վեց որդիներից ավագին` Վախթանգին, ինքը կնոջ` Մամայի (Կյուրիկե Բագրատունի թագավորի դուստր) հետ մտել է Դադիվանք` իր եղբայր և վանահայր Գրիգորիսի մոտ կրոնավորելու: Հ–ի իշխանությունն առավելագույն ծաղկում ու հզորացում է ապրել Վախթանգի գահակալման տարիներին (1182–1214): Հ. քաղ. ու տնտ. աշխույժ կապեր է ունեցել շրջակա իշխանությունների ու երկրների, հատկապես վրաց Բագրատունիների թագավորության հետ: Վախթանգը հովանավորել ու մեծարել է Մխիթար Գոշին, ինչպես նաև հայ մշակույթի ուրիշ գործիչների: Նրա ավագ որդի Հասանը զոհվել է թուրքերի դեմ կռիվներից մեկում, կրտսեր որդի Գրիգորը մահացել է վաղ հասակում: Այր ժառանգներից զրկված Վախթանգի մահից հետո Զաքարյանները Հ–ի իշխանությունը բաժանել են իրենց փեսաների` Հասանի (Դոփի ամուսինը) և Ներքին Խաչենի տեր Վախթանգի (Խորիշահի ամուսինը) ժառանգներին:
Գրկ. Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը X–XVI դարերում, Ե., 1975: Բ. Ուլուբաբյան
