ՀՍՀ/ՀԱԼՇՏԱՏՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԱԼՇՏԱՏՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, վաղ երկաթի դարի (մ. թ. ա. մոտ 900–400) հնագիտական մշակույթ Միջին Եվրոպայի հարավում: Անվանումն ստացել է Ավստրիայի Հալշտատ (Hallstatt) քաղաքի մոտակա դամբարանադաշտից: Պայմանականորեն բաժանվում է տարածման արլ. (Ավստրիա, Հարավսլավիա, Ալբանիա, մասամբ` Չեխոսլովակիա) և արմ. (ԳԴՀ, ԳՖՀ հվ. շրջանները, Ֆրանսիայի մերձհռենոսյան դեպարտամենտները) շրջանների: Հայտնի է նաև Պո գետի (Իտալիա) արլ. հովտում: Օդեր և Վիսլա գետերի ավազաններում Հ. մ–ին է պատկանում ուշ շրջանի լուժեցյան ցեղերի մշակույթը: Հ. մ–ի տարածման սկզբնական շրջանում բրոնզի փոխարեն աստիճանաբար տիրապետող է դառնում երկաթը, տնտեսության մեջ գերակշռում է հողագործությունը, քայքայվում են տոհմատիրական կարգերը, և ձևավորվում դասակարգային հարաբերությունները: Հ. մ–ին բնորոշ են զանգակաձև կամ աղեղնաձև բռնակներով բրոնզե ու երկաթե սրերը, բրոնզե կոնաձև սաղավարտները, դաշույնները, կացնակները, դանակները, նիզակների երկաթե և պղնձե սայրերը, բրոնզե թիթեղներից (կաշվի վրա կարված) զրահները, անթափանց ապակուց դեղին ուլունքները` կապույտ ակներով, բրոնզե, ոսկե, ապակե, ոսկրե տարատեսակ զարդերը, գազանների պատկերներով ճարմանդները, բազմագույն, դեղին և կարմիր, փորագիր ու չափածո նախշերով խեցեղենը ևն: Կավամանների, բրոնզե գոտիների ևնի երիզների վրա պատկերված են խնջույքների, տոնակատարությունների, որսի, կրոնական ծիսակատարությունների և այլ տեսարաններ: Արմ. շրջաններում Հ. մ–ին աստիճանաբար փոխարինել է լատենյան մշակույթը:
