ՀՍՀ/ՀԱԼՈԳԵՆԱԾԱՆՑՅԱԼՆԵՐ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐԻ
ՀԱԼՈԳԵՆԱԾԱՆՑՅԱԼՆԵՐ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐԻ, օրգանական միացությունների դաս: Պարունակում են հալոգենների ատոմներ, որոնք կապված են տարբեր տեսակի ածխաջրածնային ռադիկալների հետ: Ըստ ռադիկալի բնույթի տարբերում են առաջնային, երկրորդային և երրորդային, իսկ ըստ հալոգենի թվի՝ միա-, երկ-, եռ- և բազմա- Հ. ա.: Ճարպային շարքի Հ. ա. անվանվում են համապատասխան ածխաջրածնի ռադիկալին հալոգենիդ բառը ավելացնելով (CH3I-մեթիլյոդիդ, CH2=CHCl-վինիլքլորիդ ևն), իսկ Ժնևյան անվանակարգմամբ նշում են հալոգենի տեղը թվանշանով կամ տառով, նրա տեսակը և համապատասխան ածխաջրածնի անվանումը (CH3CHBrCH3—2-բրոմպրոպան, u-C6H4Cl2-մետա-դիքլորբենզոլ, C10H7Br- a- կամ ß-բրոմնավթալին ևն): Շատ Հ. ա. ստացել են պատահական անվանումներ (CHCl3-քլորոֆորմ, CH2=CCl-CH=CH2-քլորոպրեն, CCl2F2—ֆրեոն ևն): Հագեցած միա- Հ. ա. կոչվում են նաև ալկիլհալոգենիդներ՝ R-X: Հ. ա. գազային, հեղուկ և պինդ նյութեր են: Լավ են լուծվում օրգ. լուծիչներում, ջրում չեն լուծվում: Ֆտոր պարունակող Հ. ա. ունեն ամենափոքր, իսկ յոդ պարունակողները՝ ամենամեծ տեսակարար կշիռը, ամենաբարձր եռման կետը և ռեակցունակությունը: Հալոգեն-ածխածին կապի էներգիան փոքրանում է հալոգենի ատոմական զանգվածի մեծացումով: Հ. ա. հեշտությամբ են մտնում տարբեր ռեակցիաների մեջ և առաջացնում բազմապիսի նյութեր: Բնութագրական են նուկլեոֆիլ տեղակալման ռեակցիաները: Այսպես, ալկիլհալոգենիդները փոխազդում են ջրի, ամոնիակի, ալկոհոլատների, կարբոնաթթուների ու անօրգ. թթուների աղերի, մետաղների հետ` առաջացնելով համապատասխանաբար` սպիրտներ, ամիններ, եթերներ, էսթերներ, նիտրիլներ, թիոսպիրտներ (մերկապտան), ածխաջրածիններ, Գրինյարի ռեակտիվ: Այս ռեակցիաներում ալկիլհալոգենիդները ալկիլացնող միջոցներեն: Այն Հ. ա., որոնց հալոգեն ատոմը գտնվում է չհագեցած կապի մոտ, դժվարությամբ են տալիս վերոհիշյալ ռեակցիաները: Միա–, երկ– և բազմա– Հ. ա. Տալիս են նաև այլ ռեակցիաներ: Ածխաջրածնի և հալոգենի տեսակից, ինչպես նաև օգտագործվող հալոգենացող միջոցից կախված, Հ. ա. ստացումը խիստ բազմազան է: Հ. ա. կարելի է ստանալ ածխաջրածիններն ուղղակի հալոգենացնելով, չհագեցած ածխաջրածիններին հալոգեն կամ հալոգենաջրածին միացնելով, հիդրօքսիլ- խումբ պարունակող ածխաջրածինների վրա հալոգենաջրածին կամ ֆոսֆորի հալոգենիդներ, կարբոնիլ-խումբ (CO) պարունակող միացությունների վրա ֆոսֆորի պենտահալոգենիդ կամ ծծմբի տետրաֆտորիդ ազդելով, օլեֆինների և տետրաքլորածխածնի փոխազդեցությամբ (թելոմերացում) և այլ եղանակներով: Հ. ա. ունեն բազմազան կիրառություններ: Այսպես, դիքլորէթանը (ClCH2CH2Cl), տետրաքլորածխածինը, քլորոֆորմը, տետրաքլորէթիլնեը (CCl2=CCl2), մեթիլենքլորիդը (CH2Cl2), քլոր– և պարա-դիքլորբենզոլները լավ լուծիչներ են, ֆրեոնը (CCl2F2) սառեցնող միջոց է, քլորոֆորմը քնաբեր նյութ է, յոդոֆորմը (CH3) հականեխիչ է, էթիլքլորիդը ((CH3CH2Cl) ցավազրկող է, ԴԴՏ-ն և հեքսաքլորցիկլոհեքսանը (C6H6Cl6) միջատասպաններ են ևն: Վինիլքլորիդից ստանում են պոլիվինիլքլորիդ (որից պատրաստում են արհեստական կաշի), քլորոպրենից՝ կաուչուկ (նաիրիտ), տետրաֆտորէթիլենից (CF2=CF2)՝ տեֆլոն, որը հայտնի է նաև որպես «օրգանական պլատին», ալիլքլորիդից՝ գլիցերին, քլորբենզոլից՝ ֆենոլ ևն:
