Jump to content

ՀՍՀ/ՀԱԼՈԳԵՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԼՈԳԵՆՆԵՐ (հուն. – աղ և – ծնել), աղածիններ, պարբերական համակարգի VII խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարրեր` ֆտոր, քլոր, բրոմ, յոդ և աստատին: Հ–ի ատոմներն էլեկտրոնային արտաքին թաղանթում ունեն 7–ական էլեկտրոն (կառուցվածքը` s 2 p 5 է): Միացություններ առաջացնելիս Հ–ի ատոմներն ավելի հեշտ վերցնում են (քան տալիս) մեկական էլեկտրոն և, սովորաբար, ձեռք բերում –1 օքսիդացման աստիճան: Քիմիապես ակտիվ են, անմիջականորեն միանում են քիմ. տարրերի մեծ մասի հետ: Օքսիդիչներ են. օքսիդացնում են մետաղները, ջրածինը և շատ ոչ մետաղներ: Հ–ի ջրածնական միացություններն անգույն գազեր են, ջրային լուծույթները` թթուներ: Հայտնի են Հ–ի օքսիդները և համապատասխան թթվածնավոր թթուները, որտեղ Հ. ունեն դրական օքսիդացման աստիճան (բացառությամբ ֆտորի): Ատոմական շառավղի մեծացմանը զուգընթաց Հ–ի հատկություններն օրինաչափորեն փոխվում են` ֆտորից յոդ նվազում են քիմ. ակտիվությունը, օքսիդացնող հատկությունը, մոլեկուլի կայունությունը ևն: Սովորական պայմաններում ֆտորն ու քլորը գազերն են, բրոմը` հեղուկ, յոդն ու աստատինը` պինդ նյութեր: Աստատինը ռադիոակտիվ տարր է, քիչ է ուսումնասիրված: Հ–ի մոլեկուլները երկատոմ են:

Հատկություններ
  Ֆտոր՝ F Քլոր՝ Cl Բրոմ՝ Br Յոդ՝ I
Կարգահամարը 9 17 35 53
Ատոմական զանգվածը 18,9984 35,453 79,904 126,9045
Հալ. ջերմաստիճանը (°C) -218 -101,6 -7,2 113,5
Եռ. ջերմաստիճանը (°C) -187,99 -34,6 58,78 184,35
Պարունակությունը երկրա-
կեղևում (զանգվ. %)
6,6⋅10⁻² 1,7⋅10⁻² 2,1⋅10⁻⁴ 4⋅10⁻⁵

Լ. Գրիգորյան